Չի կարելի ամեն ինչի մեջ բազար տեսնել. ռեկտորը` պարտադիր դրամահավաքի լուրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԵՊՀ մի խումբ դասախոսներ հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Երևանի պետական համալսարանում դրամահավաք է սկսվել, որն անցնում է ոչ թե կամավոր-պարտադիր, այլ՝ պարտադիր սկզբունքով: Դրամահավաքը կազմակերպվել է ցեղասպանության 100-ամյակի առիթով ԵՊՀ-ում հուշարձան կանգնեցնելու համար:

Դրամահավաքի գումարը ըստ հիերարխիայի է բաշխված` տատանվելով 5000- 20000 դրամի սահմաններում: Բոլորը վրդովված են, բայց վճարում են, քանի որ այժմ սկսում են հաջորդ ուս. տարվա դասաբախշումները, և բոլորը գերադասում եմ չբարդացնել իրենց կյանքը: Նույն խնդիրն ունենք նաև մենք, այդ պատճառով գերադասում ենք չգրել մեր ազգանունները: Չգիտենք` կրթության նախարարության պատվերով է այդ դրամահավաքը, թե՝ ոչ: Թեպետ ի՞նչ տարբերություն»:

Armlur.am-ը կապ հաստատեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, ով հավաստիացրեց, որ որևէ պարտադրանք չկա, և հայտարարության բովանդակությունն իրականությանը չի համապատասխանում:

«Ասել ենք` ովքեր ուզում են, կարող են մասնակցել, իսկ ովքեր չեն ուզում, չեն մասնակցի: Ի՞նչ պարտադրանք կարող է լինել: Դա ամեն մեկի խնդիրն է: Մենք ուզում ենք հուշարձան կանգնեցնել: Որ դասախոսները նման հայտարարություն են արել, ուրեմն` դրանք պիղծ մարդիկ են, քանի որ որևէ մեկը չի պարտադրել»,- նշեց ԵՊՀ ռեկտորը` միաժամանակ հավելելով, որ անգամ հստակ գումար չի սահմանվել: Ռեկտորի փոխանցմամբ` կբացվի հաշվեհամար, որին կամավոր կարող են փոխանցում անել:

«Ամեն մեկի խղճի վրա է. կուզի կտա, չի ուզի` չի տա: Դա իր անձնական խնդիրն է: Մենք ոչ մեկին չենք ասել` ցուցակով եկե՛ք, տվե՛ք: Չի կարելի  այդ աստիճանի ընկնել: Չի կարելի ամեն ինչի մեջ շահ ու բազար գտնել: Կան բաներ, որոնք սրբազնագույն են: Մենք ասել ենք, որ այդ նպատակի շուրջ համալսարանը համախմբվի: Ցույց տանք, որ համախումբ ենք, որ ազգ ենք, ոչ թե ամբոխ: Ասել ենք` ցանկացողները կարող են մասնակցել հայրենանվեր գործին»,- եզրափակեց Արամ Սիմոնյանը` նշելով, որ չի գրվելու կամ հայտարարվելու ո՛չ տվողի, ո՛չ չտվողի անունը:

Տաթև Հարությունյան




Լրահոս