ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՆՔԵՐԸ ԾԱԽՈՒՄ ԵՆ

«Ժողովուրդ»-ի թղթակցի էլեկտրոնային փոստին օրերս ստացված նամակում նշված է, որ շտապ վաճառվում է 10 հա բազալտի հանքավայր: Նամակում գրված է հասցեն` քաղաք Երեւան, ներկայացված է նաեւ վաճառողի բջջային հեռախոսահամարը: Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությամբ` երկրի ընդերքը չի վաճառվում, այն օգտագործելու համար տրվում է բնօգտագործման թույլտվություն: Այս ոլորտի մասնագետներից մեկը մեզ պարզաբանեց, որ հանքավայրը վաճառելիս իրավաբանական առումով ոչ թե հանքավայրը, այլ բնօգտագործման թույլտվություն ստացած ընկերությունն է վաճառվում, եւ այդ կերպ ստացվում է հանքավայրի վաճառք: Սակայն դրանից, ըստ էության, շատ բան չի փոխվում: Հայաստան երկրի ընդերքը, որ ազգային հարստություն պետք է համարվեր, դարձել է առուծախի առարկա: Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի նավթը, օտարերկրյա ընկերությունների հետ համատեղ, արդյունահանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, ստացված հասույթներն էլ պետական նավթային ընկերությունն ուղղում է այդ երկրի պետական ծրագրերի իրականացմանը:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Հոկտեմբերի 17-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշմամբ կասեցվել էր «Գյումրիին` ամուր հիմք» ՍՊԸ-ի` մրցութային երթուղիները սպասարկելու իրավունքը («Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` ՍՊԸ-ն պատկանում էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին): Գյումրու քաղաքապետարանից «Ժողովուրդ»-ին հայտնել էին, որ երթուղու սպասարկումը դադարեցնելուց հետո, միանշանակ, հայտարարվելու է նոր մրցույթ, որի անցկացման ժամկետը կհայտարարվի երթուղին սպասարկող ընկերության իրավունքները կասեցնելուց անմիջապես հետո` առաջիկա երկու օրերին, նաեւ կներկայացվի անցկացման ժամանակացույցը:
Այսպիսով` թեեւ արդեն բազում երկու օրեր են անցել, այդուհանդերձ, Գյումրու քաղաքապետարանից մրցույթի անցկացման մասին նորություններ չկան: Ինչպես «Ժողովուրդ»-ին փոխանցեցին Գյումրու քաղաքապետարանից, դեռ հայտնի չէ, թե երբ կհայտարարվի մրցույթը: Ի դեպ, առայժմ ներկայացված դիմումներ չկան:




Լրահոս