«ՀՈԳԵՎՈՐ ՔԱՂՑԸ ՄԵԾ ԽՆԴԻՐ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, բանաստեղծ Ազատ Աբրահամյանը հասարակությանն առավել հայտնի է «Ծաղիկներ», «Սյուզի», «Կապույտ-կապուտակ», «Հին իմ Երեւան» երգերով: Վերջին շրջանում, սակայն, նա չի երեւում հեռուստաէկրաններին: «Ժողովուրդ»-ը զրուցեց երգչի հետ նրա լռության պատճառի, երկրում առկա մշակութային եւ սոցիալական խնդիրների շուրջ:

-Ո՞րն է պատճառը, որ շատ քիչ եք երեւում էկրաններին։
-Զբաղված եմ, բայց, ցավոք, դա կապված չէ բեմահարթակի հետ, այլ պայմանավորված է այսօրվա՝ յուրաքանչյուրիս խնդրով։
-Հաց հանապազօրյայի՞…
-Այո՛։ Այսինքն՝ ինչպես կարողանանք սոցիալական, տնտեսական ծանր վիճակից պատվով դուրս գալ, ընտանիք պահել։
-Շոու բիզնեսի հաջողակ ներկայացուցիչներն այդ խնդիրը լուծում են համերգներով, հովանավորներով…
-Երբեւէ շոու բիզնեսի բնագավառին չեմ պատկանել, միշտ պատկանել եմ նույն բնագավառին, որում սկսել եմ գործունեությունս, ամբողջ մի կյանք եմ ապրել։ Ես, համենայնդեպս, այդ բնագավառը կոչում եմ արվեստի բնագավառ։ Իսկ նրանք, ովքեր այսօր հանդես են գալիս իրենց ստեղծած նիշին համապատասխան (իբր թե ժողովուրդը ցանկանում է այն, ինչն իրենք են այսօր ներկայացնում), մի կառույցի մեջ են, որտեղ բոլորը գրեթե նույն բանն են անում, նույն ոճային երաժշտությունն են ներկայացնում, ծառայում են նույն նպատակին՝ ամեն կերպ գումար վաստակել։ Նրանց աշխարհի բոլոր երկրներում համախմբում են, այսպես կոչված, բիզնեսի մտածելակերպ եւ շահեր ունեցող մարդիկ ու սկսում են նրանց միջոցով գումարներ աշխատել։ Շոու բիզնես կոչվածը հիմնականում սա է, այսինքն՝ մի դաշտ գոյություն ունի աշխարհի ցանկացած երկրում, որն էլ պատկանում է հենց շոու բիզնեսին, եւ այդ դաշտն ունի կառավարողներ, ղեկավարներ… Աստղիկներ ասելով՝ ես նկատի չունեմ այն մարդկանց, թեկուզ հենց նույն շոու բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր իրականում հայրենասեր, խելացի, գիտակ, խոհեմ մարդիկ են։ Ես նկատի ունեմ նրանց, ովքեր ինքնակոչներ են եւ ի հայտ են եկել, այս ժողովրդի գլխին թթվել, ինչպես իրենց ընդդիմություն հորջորջող որոշ մարդիկ, կուսակցություններ, ովքեր եկան որպես ընդդիմություն, բարեփոխումներ խոստացան, բայց իրենց շահին հասնելուց հետո ամեն ինչ ուրացան։ Եվ հենց նրանք ժողովրդի մեջ առաջացրին հիասթափություն, հուսահատություն, եւ ոմանք արդեն չեն հավատում ոչ մեկին ու դիմում են հուսահատական քայլերի։ Ես միշտ ինքնուրույն եմ իմ գործունեությունը ծավալել, միայն Աշոտ եւ Արսեն Ասատրյան եղբայրներն են իմ երկու երգը հովանավորել, որից հետո ամեն ինչ արվել է իմ, երբեմն՝ պրոդյուսերիս, ընկերներիս, մտերիմներիս միջոցով։ Բայց այդպես շարունակել հնարավոր չէ, քանի որ ցանկացած նոր գործ, նոր մտահղացում, ծրագիր, նպատակ պահանջում է բավական մեծ ֆինանսական ներդրումներ հատկապես մեր բնագավառում։ Մինչդեռ, ինչպես արդեն նշեցի, ստիպված ենք լինում զբաղվել ընդամենը մեր կենցաղային կարիքները հոգալու ելքեր փնտրելով, միջոցներ հայթայթելով։ Եվ ինչպե՞ս կարող եմ նման դեպքում գումարներ առանձնացնել, որպեսզի կարողանամ հանդիսատեսին ներկայացնել երգեր, տեսահոլովակներ, ինչպե՞ս կարող եմ համերգներով հանդես գալ…
-Այսօր շատերը պարզապես լինել-չլինելու խնդրի առաջ են կանգնած, ոմանք արդեն հեղափոխության կոչ են անում։ Ո՞րն է ելքը։
-Ես չեմ տեսնում ինչպես այդ հեղափոխություն կոչվածի, այնպես էլ ուրիշ-ուրիշ բաների հնարավորությունը, որ հիմա առաջարկում են շատերը, որովհետեւ այդ ամենին հասնելու համար առաջին հերթին մենք շատ-շատ ավելի կարեւոր բաներ պիտի կարողանանք մեզանում փոխել։
-Այսինքն՝ հեղափոխություն կատարել մեր գիտակցության, մտածելակերպի մե՞ջ։
-Այո՛։ Այսօր, երբ ժողովրդի մեջ հուսալքության, հուսահատության, հիասթափության աստիճանը սարսափելի սահմանների է հասել, երբ մարդիկ ուրանում են բարձր արժեքները, հոգեւոր քաղցի մեջ են, որեւէ դրական տեղաշարժ չենք կարող ակնկալել։ Առաջին հերթին մեզանից յուրաքանչյուրն ինքն իրեն պիտի փոխի, տրամադրվի ավելի դրական լիցքերի, ավելի բարձր արժեքների, որովհետեւ մարդու հոգեւոր քաղցն արդեն մեծ խնդիր է պետության համար. որեւէ սրբություն չի գնահատվելու, չի ճանաչվելու։ Իսկ դա նշանակում է, որ քաոսային վիճակ կտիրի մեր իրականության մեջ։ Ա՛յ դրա մասին պիտի խոսենք։ Մարդը պետք է գիտակցի, որ ինքն է իր երկրի տերը, իշխանությունն ինքն է, եւ իշխանություն ասածը բնավ չի ենթադրում ծեծուջարդ, այլ հակառակը, իշխանությունն առաջին հերթին պահանջ է եւ պահանջի իրականացում:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս