Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերքում է տարածված լուրը, թե ինքը պաշտոնանկ է եղել, ինչի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակազմի հետ:
Armlur.am-ի հետ զրույցում Ա. Ղուլարյանը հայտնեց, որ ընդամենը աշխատակազմի հետ եղել է խորհրդակցություն:
«Երբ որ պաշտոնապես կհայտարարվի, այն ժամանակ կիմանանք»,- ասաց մարզպետը:
Այն դիտարկմանը, որ ինքն առաջիկայում կզբաղեցնի ՀՀ քաղաքաշինության փոխնախարարի կամ որպես անշարժ գույքի կադաստրի պետական ծառայության պետ, Ղուլարյանը պատասխանեց, որ դա իր պատրաստվելով կամ որոշելով չի լինելու:
«Ես չգիտեմ: Ես չեմ պատրաստվում կամ որոշում: Ղեկավարությունը համապատասխան պաշտոնների համապատասխան որոշումները կկայացնի: Ես որևէ բանից տեղյակ չեմ»,-նշեց մարզպետը: Այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ հնարավոր պաշտոնանկության դեպքում իրեն փոխարինելու գա ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը մեր զրուցակիցն ասաց.
«Դրանք լուրեր են: Հետո էլ Հովիկ Աբովյանը կարգին մարդ ա, իր գործին տեղյակ, ոնց որ ես»,- եզրափակեց Տավուշի մարզպետը: