ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ավտոմատային կրակահերթ էր արձակվել ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի` Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում գտնվող տան ուղղությամբ: Գասպարյանն այդ պահին գտնվում էր Չինաստանում: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք պատժվողներ եղել են, ի վերջո, ովքեր են եղել այդ «դուխով» տղաները, որոնք «հարձակում» են գործել պատգամավորի տան վրա:
Հիշեցնենք, որ Ջանֆիդա գյուղի բնակիչները պատմել էին, որ գյուղ են մտել երկու մեքենա` առանց համարանիշի «Մերսեդես G 500» (յաշիկ) եւ BMW մակնիշի ավտոմեքենա: Ըստ գյուղացիների`  մեքենաները, հասնելով Գասպարյանի տան մոտ, բացել էին «Մերսեդես»-ի պատուհանը եւ ավտոմատից կրակահերթ արձակել: Նշենք, որ դեպքի հաջորդ օրը` երեկոյան, Գասպարյանը, տեղեկանալով միջադեպի մասին,  վերադարձավ Հայաստան` պարզելու, թե ովքեր են եղել կրակոցների հեղինակները:
 Դեպքի վայր էին մեկնել նաեւ ոստիկանության աշխատակիցները, հարցաքննել ականատեսներին, նաեւ նրանց, ովքեր այդ պահին լսել են տարածքում հնչած կրակոցների ձայները:
 Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Ժողովուրդ»-ին տեղեկացրել էին, որ դեպքի վայրում չեն գտել ավտոմատի գնդակներ կամ պարկուճներ, չնայած գյուղացիները պնդում են, որ հնարավոր չէ՝ այդքան կրակոցներից հետո որեւէ հետք մնացած չլիներ: Հիշեցնենք նաեւ, որ այդ ժամանակահատվածում տեղեկություններ կային այն մասին, որ Գասպարյանի մերձավոր շրջապատը ենթարկվում է ոստիկանական ճնշումների` խուզարկում էին նրա շրջապատի բնակարանները, Գասպարյանի մերձավորներին տանում ոստիկանական բաժանմունքներ, հետախուզում հայտարարում նրանց նկատմամբ: Այսինքն` ԲԿՀ-ականները ոստիկանության ուշադրության կենտրոնում էին, եւ նշված դեպքը եւս կապվում էր այդ հետապնդումների հետ:
Հավելենք, որ Ռուստամ Գասպարյանը թիվ 21 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել 2007 թվականին: Ի սկզբանե լուրեր տարածվեցին, որ այդ կրակոցների համահեղինակը կարող է լինել ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը`  Նովոն, սակայն վերջինս մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը` վստահեցնելով, որ ինքն այդ ամենի հետ կապ չունի:
Երեկ փորձեցինք տեղեկանալ, թե ինչ փուլում է գտնվում գործը, եւ արդյոք բացահայտվել են հանցագործները: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ գործի հանգամանքները դեռեւս պարզվում են, եւ կրակողներն առայժմ հայտնաբերված չեն: Ի դեպ, արդեն քանի օր շարունակ անհասանելի է Ռուստամ Գասպարյանի հեռախոսահամարը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս