«Հրապարակ» օրաթերթ գրում է. «Նախորդ օրը Հովիկ Աբրահամյան-գործարարներ հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ: Հովիկ Աբրահամյանն առանձնապես շատ չի խոսել, ներկայացրել է յուր սպասելիքները գործարարներից, ասել է` որոշել եմ այլեւս հստակեցնել խաղի կանոնները, պարզեցնել իրավիճակը, քանզի խնդիրները լուրջ են, մանավանդ հարկահավաքության հետ կապված, երկրում մոլեգնում է արտագաթը, որի չափերն ահռելի են` 270 հազար է արտագաղթողների նիշը, պետք է կատարվի հարկային դաշտի հավասարեցում, գերավճարներով այլեւս չպետք է բյուջեն լցնենք, ավելացված արժեքի հարկի նկատմամբ մոտեցումը պետք է վերանայենք. էս հանդիպումից հետո էլ ճյուղերի հետ առանձին-առանձին կհանդիպենք, կքննարկենք, մինչեւ հունիսի 1-ը առաջարկություններ տվեք, տեսնենք ինչ ենք անում, ինչ է լինում:
Հավատացի՞ք իրեն, բա չհարցրի՞ք. իսկ ո՞ւր է Գագիկ Ծառուկյանը, ինչո՞ւ չի եկել «հավասարվելու»՝ հարցրինք մեր գործարար զրուցակցին: «Դե, լավ բաներ էր ասում, ու եթե ասածներն իրականություն դառնան, մենք Շվեյցարիա կդառնանք: Հետո էլ` Գագոն եկել-չէր եկել, կարեւոր չէ, կարեւորը, որ էս բոլորն անի»: Էլ ո՞վ խոսեց ձեզնից: «Սամվել Ալեքսանյանը, Գուրգեն Արսենյանը, որը ձեռի հետ համ էլ կպավ Տիգրան Սարգսյանին, մի քիչ էլ դասախոսություն կարդաց, Արայիկ Բադեյանը խոսեց, ասաց` բոլորս մտածենք էս մասին, իրար օգնենք, տանենք առաջ, Արսենը Ղազարյան խիզախ որոշում որակեց Հովիկի քայլը:
Բանկերի ասոցիացիայի նախագահ Ճզմաչյան Սամվելը թեզեր առաջ քաշեց, ասաց՝ էստեղ նստած մարդիկ օգտվում են ավելի ցածր տոկոսներից, քանի որ կոմերցիոն վարկեր են հիմնականում վերցնում, եթե էդ քայլերն արվեն, բանկերը կկանգնեն գործարարների կողքին, կֆինանսավորեն»:
Ոչ մեկը ոչ մի բացասական բան չասա՞ց, քննադատություն-ընդդիմամարտություն չեղա՞վ: «Չէ, չեղավ, թերահավատություն կար, ընդդիմամարտություն` չկար»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: