Ազգային ժողովն այսօր քննարկում էր «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Իր հարցն ուղղելով Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե այս հարցի քննարկումն իրապես մեծ կարևորություն է ներկայացնում:
«Թռչնաբուծական ֆաբրիկային հարիր բանավեճի մակարդակից պետք է դուրս գանք և անցնենք բուն նախագծի քննարկումներին», – նշեց նա, հավելելով, թե նախագծի վերաբերյալ իրեն մեկ կարևոր հարց է հետաքրքրում:
«Մենք բոլորս էլ գիտենք, որ հանրակրթական մակարդակի ցենզը չի բավականացնում: Մենք գիտենք, որ շատերը չեն հաճախում ավագ դպրոց, որովհետև չի տալիս անհրաժեշտ կրթության մակարդակ», – ընդգծեց Զոհրաբյանը և նշեց, թե այդ դեպքում երեխաները դիմում են կրկնուսույցների օգնությանը:
Նա հարցադրում արեց, թե արդյոք ունենք այնպիսի ծրագիր, որը բավական մակարդակի վրա կդնի կրթական համակարգը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, թե մենք միշտ դժգոհ ենք մեր ամեն ինչից:
«Երբեմն տեղին ենք դժգոհ, երբեմն՝ անտեղի: Ես էլ գիտեմ, որ լայնածավալ խնդիրներ կան հաճախումների հետ կապված», – նշեց նա, հավելելով, թե հաճախումների խնդիր իրականում կա:
Նախարարի խոսքով՝ եթե ուսանողը շահագրգիռ է, որ բուհում կոռուպցիա լինի, այն կլինի:
«Քանի դեռ երեխան շահագրգիռ է փող տալու մեջ, ուսուցիչը շահագրգիռ է փող տալու մեջ, տնօրենն էլ, բնականաբար, վերցնում է, քանի նախարար էլ փոխվի, ոչինչ չի փոխվի: Ես ավելորդ եմ դառնում այս խաղի մեջ, դուք էլ եք ավելորդ դառնում», – հայտարարեց նա: