Ալեքսանյանը ձեռքի թեթև շարժումով 2.9 մլն դոլար է աշխատել. Ն. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամվել Ալեքսանյանը  ձեռքի թեթեւ շարժումով 3 ամսում 2,9 մլն դոլար է աշխատել: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Այսօր Ազգային Ժողովում քննարկվում էր «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:  Օրինագիծը նախատեսում է վերահսկիչ դրոշմներ կիրառել գրեթե պարենային եւ ոչ պարենային ապրանքների շրջանառությունը կարգավորելու համար:

« ՀՀ-ում ամիսը տասը հազար շիշ թան արտադրող սեփականատերը, որ կարող է ամսական ունենալ երկու-երեք հազար դոլարի ստվեր, չի հասկանում՝ ինչո՞ւ պիտի հրաժարվի այդ ստվերից, երբ մոնոպոլ բիզնես ունեցող մի շարք օլիգարխների տնտեսվարման տիրույթում ոչ թե ստվեր է, այլ, թույլ տվեք ասել, կատարյալ խավար, և օլիգարխներն այդ մութ գործարքներն անում են ափաշքյարա, օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ»,-հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրել է իր նախկին ելույթները՝ կապված շաքարի շուկայի հետ: «Հայաստանում շաքարի եռամսյակային օգտագործումը մոտ 20 հազար տոննա է: Մաքսային միության տվյալներով՝ 2014-ի առաջին եռամսյակում ներմուծվել է եռամսյակային պահանջարկի մոտ 2,5 տոկոսը:

Այսինքն դեֆիցիտը կազմել է ավելի քան 19 հազար տոննա: Չի կարելի համարել, որ սպառումը տեղի է ունեցել նախկին պաշարների հաշվին, որովհետեւ նման ներմուծում չի եղել: Բայց, ինչպես գիտեք, շաքարի պակաս Հայաստանում չի նկատվել: Իսկ գուցե բանն այն է, որ շաքարն արտադրել է այս դահլիճում նստած գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյա՞նը՝ Ախուրյանի իր շաքարի գործարանում: Բայց այստեղ էլ մեզ հիասթափություն է սպասում: Ներմուծվել է մոտ 38 հազար տոննա շաքարի հումք»,-ընդգծել է Ն. Փաշինյանը:

  Փաշինյանի կարծիքով՝ դա նշանակում է, որ Ալեքսանյանը գործարքի մեջ է մտել կառավարության հետ եւ շաքարի անվան տակ հումք է ներմուծում, որպեսզի խուսափի մաքսատուրքերից:

«Նշանակում է՝  ընդամենը ձեռքի թեթև շարժումով կառավարությունն ու կառավարամերձ օլիգարխը ՀՀ պետբյուջեի հաշվին աշխատել են ոչ ավել, ոչ պակաս 2.9 մլն դոլար, ընդամենը այս մի գործարքի արդյունքում»,-կրկնել է Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս