2001-ից Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Կովալենկո Շահգալդյանն օրեր առաջ հրաժեշտ տվեց իր պաշտոնին:
Բոլոր ժամանակների մարզպետն ալևս չի կարող Կոտայքի դժբախտությունների պատճառը դառնալ:
Մարզպետ եղած այս երկար տարիների ընթացքում նա ավելի շատ տպավորվել է իր անձի շուրջ եղած խայտառակ պատմություններով, ամենակալվածատեր մարզպետ լինելու վերաբերյալ զանազան ապացույցներով, ոչ թե` մարզի զարգացման համար որևէ ներդրմամբ:
Շահգալդյանի կենսագրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա ուսման առաջին իսկ տարիներից աշխատել է Չարենցավանի հաստոցաշինական գործարանում որպես կոնստրուկտոր, ապա` նույն գործարանի վարպետ և արտադրամասի պետ:
Մինչ Կոտայքի մարզպետ նշանակվելը, 3 տարի զբաղեցրել է Չարենցավանի քաղաքապետի պաշտոնը` այն հետագայում փոխանցելով որդուն: Նա պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» և ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» հուշամեդալով։
Շահգալդյանն իր պաշտոնավարման ընթացքում, բացի տարբեր տեսակի մեքենայություններից, հասցրել է ահռելի չափերի հասնող ունեցվածք ապահովել ոչ միայն իր, այլև` հարազատների համար: Վերջիններիս նախկին մարզպետը բարձր պաշտոնների է տեղավորել: Պետք է նշել, որ մարզում իրականացվող բոլոր տեսակի մրցույթներում հաղթում են հենց Շահգալդյանի հարազատները:
Սակայն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տվյալներն այնքան փոքր են, որ ոչ մեկ չի էլ մտածի, թե նա այդքան բան է հասցրել անել: Նախկին մարզպետի դրամական միջոցները տարվա սկզբում, ըստ հայտարարագրի, կազմել են 6 մլն դրամ, որը, սակայն, տարվա վերջում նվազելով դարձել է 3.100.000 դրամ: Իսկ նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը:
Նշենք, որ Կ. Շահգալդյանն իր բոլոր հաջողությունների համար պարտական է ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն հենց վերջինիս` վարչապետ դառնալուց հետո նա ազատվեց մարզպետի իր պաշտոնից:
Նաիրա Հովհաննիսյան