ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ամերիկյան ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների «Սուրբ Ծնունդ» բարեգործական հիմնադրամը գործում է արդեն 12 տարի: Այն 2000 թվականին   հիմնադրել է Ամերիկայում հայտնի «Քաջ Նազար» երգիծական թերթի տնօրեն Հովհաննես Բալայանը: Հիմնադրամը ֆինանսավորվում է Ամերիկայի հայերի կողմից, սակայն  գոյության հենց առաջին օրվանից կան մի խումբ մարդիկ, որոնք առանց որեւէ վարձատրության  կանգնած են հիմնադրամի կողքին եւ ամեն կերպ օգնում են կազմակերպել միջոցառումները: Հիմնադրամի նպատակը մեկն է` երեխաներին ուրախանալու հնարավորություն ընձեռել: Միջոցառումները հիմնականում կազմակերպվում են այն երեխաների համար, որոնք որեւէ խնդիր ունեն, այդ կերպ հիմնադրամը փորձում է նրանց ուրախության եւ ժպիտի մի քանի ժամ պարգեւել:
«Հիմնադրամի գոյության  առաջին տարիներին մենք կարողացել ենք միջոցառումներ կազմակերպել միայն 4.000 երեխաների համար: Իսկ այսօր Հայաստանի բոլոր մարզերում միջոցառումներ ենք կազմակերպում ավելի քան 15.000 աղքատ, ծնողազուրկ, հաշմանդամ երեխաների համար»,-նշում է հիմնադրամի հասարակական կարգով ներկայացուցիչ Լաերտ Մովսիսյանը: Նախատոնական միջոցառումներ այս տարի անցկացվեցին Հայաստանի գրեթե բոլոր մանկատներում, այդ թվում` Գյումրու մանկատանը, «Զատիկ» մանկատանը, գիշերօթիկ դպրոցներում եւ այլն: Երեխաներին հատկապես շատ է ուրախացնում «Գազանիկներ» միջոցառումը, որի ժամանակ տարբեր կենդանիների հանդերձներ հագած դերասանները զվարճացնում են նրանց: Միջոցառումների  ավարտին էլ երեխաները նվերներ են ստանում:
Հիմնադրամը տարեցտարի փորձում է ավելի հետաքրքիր մանկական միջոցառումներ կազմակերպել եւ դրանց մեջ մասնակցող երեխաների թիվն էլ ավելի շատացնել:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս