Աղքատության 10 % կրճատում, նվազագույն աշխատավարձի բարձրացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նոր կառավարությունն արդեն  հրապարակել է իր գործունեության ծրագիրը: Այն հիմնականում Տիգրան Սարգսյանի կառավարության  ծրագրի շարունակությունն է, թեև ենթարկվել է մի քանի խմբագրումների:

Մասնավորապես փոխվել են նոր կառավարությունից սպասվող արդյունքները: Նոր կառավարությունը ակնկալում է  ՀՆԱ տարեկան 5% աճ, աղքատության 10% կրճատում և նվազագույն աշխատավարձի բարձրացում մինչև 65 հազ. դրամ: Նախորդ կառավարության ցանկություննեն ավելի բարձր էին՝ տնտեսական աճը 5-7%, 100 հազ. նոր աշխատատեղերի ստեղծում և այլն:

Կառավարությունը պատրաստվում է աջակցել գործարարներին, լինել այնպիսի մարդկանց կողքին, ով գոնե մեկ աշխատատեղ կբացի: Ծրագրում նշված է, թե միայն հավասար պայմաններ և իրական մրցակցություն  ապահովող միջավայրն է հնարավորություն տալու հավատն ապահովել  երկրում վաղվա օրվա հանդեպ:

«Տնտեսական միջավայրի հրամա­յա­կանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է իրագործի թե´ երկարաժամկետ հեռանկարում՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով աջակցելով բնականոն քաղա­քական փոփոխությունների պայմաններում  կայուն տնտեսական միջավայրի պահպանմանը, թե´ անմիջապես՝ տնտեսական միջավայրի առկա խեղաթյուրում­ների դեմ կտրուկ և հետևողական քայլեր ձեռնարկելու միջոցով», – նշված է Կառավարության ծրագրի մեջ:

Կառավարությունը հատկապես կարևորելու է գյուղի և գյուղացու կյանքի բարելավման խնդիրը: Այստեղ թե´ ավելացվելու են առկա գործիքներով գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցության ծավալները, թե´ մեկնարկելու է կարևորագույն ենթակառուցվածքային ծրագիր՝ հանրապետության մարզերում գյուղատնտե­սության կենսունակությունը լրջորեն բարելավելու համար:

Հատկանշական է սակայն, որ նոր կառավարությունը ևս չի գնացել Սերժ Սարգսյանի ակնկալած 7% աճը խոստանալու ճանապարհով:




Լրահոս