ԱԺ-Ն ԸՆԿՆԵԼՈՒ Է ԳՅՈՒՄՐԻԻ ՕՐԸ
Աժ-ում մեքենաների աճուրդը շարունակվում է: 17 ավտոմեքենաներ վաճառքի հանելուց հետո «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ն սկսել է օտարել նաեւ իր «հնությունները»: Առաջիկայում նախատեսված է օտարել ԱԺ ավտոպարկի հին մեքենաները՝ մասնավորապես արդեն անտիկվար համարվող «Չայկա» ավտոմեքենաները, որ ժառանգություն են մնացել խորհրդային ժամանակներից: Սրանք, ի դեպ, բավականին թանկ արժեն, հետեւաբար՝ պետական բյուջե կարող է մեծ գումար մուտք լինել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ մեքենաները վաճառում են իրենց թանկ գնի համար: Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի հրաժարականից հետո, Գյումրիում վերջինիս եւ Սամվել Բալասանյանի միջեւ «կռիվ» սկսվեց քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող «Չայկա»-ն Վարդանիկի եղբորը վաճառելու պատճառով:
ՀԻՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՈՐ ԵՌԱՆԴՈՎ
ԱԺ ՀՀԿ խմբակցության երեկվա նիստից հետո, ՀՀԿ խմբակցության նորանշանակ քարտուղար Գագիկ Մելիքյանն անցել էր ակտիվ աշխատանքի. նա ՀՀԿ-ական հնաբնակ մի քանի պատգամավորի հետ զբաղված էր ՀՀԿ ցուցակով վերջերս ԱԺ եկած Վահրամ Մկրտչյանին աշխատասենյակ տրամադրելու խնդրով: «Ժողովուրդ»-ը նկատեց, որ Մելիքյանը Մկրտչյանի հետ էր համաձայնեցնում ոչ միայն աշխատասենյակի տեղը, այլեւ՝ համարը, այնուհետեւ՝ ԱԺ համապատասխան բաժնին փոխանցեց իրենց ցանկությունը: Նկատենք, որ նորընտիր պատգամավորի հանդեպ նման ուշադիր վերաբերմունքը պատահական չէ. Վահրամ Մկրտչյանը հայտնի Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի հովանավորյալն է, նրա «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենը: Ասել է թե՝ Մկրտչյանը ֆինանսական լուրջ ներդրումներ է ունեցել ու հավանաբար առաջիկայում կունենա ՀՀԿ խմբակցությունում, ուստի՝ այս գլխից նրան փորձում են քաղցր աչքով նայել:
ՀԱ՛Մ ՆԱԼԻՆ, ՀԱ՛Մ ՄԵԽԻՆ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է ՀՀ-ում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ներկայացուցիչ Բերնար Դը Ուխտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել է կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը եւ Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթի մշակմանն առնչվող հարցեր: «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմեն»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալը հայտնել է, որ իրենք եւս տեխնիկական առաջարկություններ են ներկայացրել Կենտրոնական բանկին՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: Փաստորեն ստացվում է, որ Հ. Աբրահամյանը մի կողմից՝ մեր հանրությանն է փորձում համոզել, որ կուտակայինի հարցը դրական կլուծվի, մյուս կողմից` հույսեր է տալիս միջազգային կազմակերպություններին: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանն ասաց. «Ենթադրում եմ, որ մյուս կողմն էլ է անհանգստացած իրավիճակով, չէ որ մարդիկ գումարներ են ներդրել, պետք է իրենց էլ բացատրություններ, պարզաբանումներ տալ»: