ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՉԷ

«Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը ձերբակալված չէ եւ ամեն օրվա պես գալիս է աշխատանքի»,- այս մասին «Առաջին լրատվական»-ին ասել է ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ համառորեն լուրեր են շրջանառվում, թե Արշակ Հակոբյանը ձերբակալված է եւ պահվում է Ազգային անվտանգության ծառայությունում:

ԳՆՈՒՄ ԵՆ ՈՒ ԳՆՈՒՄ

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ից արտագաղթել է 28 հազար 447 մարդ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նախորդ տարի այս ցուցանիշը եղել է ավելի շատ՝ 35.5 հազար: Ասել է թե՝ այս տարի մոտ 7 հազար մարդ պակաս է արտագաղթել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ Վահագն Խաչատրյանը պնդել է, որ իրականում այս ցուցանիշը շատ ավելի մեծ է: «Եթե օրենսդրական խիստ պայմաններում 28 հազարից ավելի մարդ է մեկնել ՌԴ, դա մեծ թիվ է: Ավելին՝ եթե այդ օրենքները չլինեին, այս ցուցանիշը կգերազանցեր 40 հազարը»,- ասել է նա:

ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆ, ԲԱՅՑ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանում առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 15-ին: Հիշեցնենք, որ Հարությունի հարազատները բողոքարկել էին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Իսկ ահա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հարությունի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ ինքը որեւէ սպասելիք չունի Վերաքննիչ դատարանից:

ՓԱԿՎԱԾ ԷՊՈՍԱԳԵՏԸ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը ազատազրկման ընթացքում որեւէ խնդիր չի առաջացրել Արթիկ ՔԿՀ-ում, ավելին` ենթարկվում է ՔԿՀ-ի բոլոր կանոններին: Մեր տեղեկություններով՝ էպոսագետի կինը` Ռուզաննա Սեդրակյանը, օրերս այցելել է Արթիկ ՔԿՀ եւ հանդիպել է Արթիկ ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանի հետ: «Ժողովուրդ»-ի հարցմանը՝ ինչը կարող էր ստիպել էպոսագետի կնոջը հանդիպել ՔԿՀ պետի հետ, Ռուզաննա Սեդրակյանն ասաց, որ ինքը հանդիպում չի ունեցել. «Երկու օր առաջ եմ գնացել այցելության: Ընդամենը անձնագիրս տվել եմ, որ պետին փոխանցեն մակագրելու համար, ուրիշ որեւէ խնդիր կամ հարց չի եղել»:




Լրահոս