ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԳՆՈՒՄՆԵՐԸ
ՀՀ դատական դեպարտամենտն ավելի քան 985 հազար դրամ կամ մոտ 2 հազար 400 դոլար է ծախսել ՀՀ պետական դրոշ գնելու համար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դատական դեպարտամենտը դրոշ գնելու համար «Գրիգոր Տաթեւացի» ՍՊԸ-ի հետ այս տարվա մարտի 11-ին պայմանագիր է կնքել, եւ ըստ այդմ, գնել է 167 հատ դրոշ՝ յուրաքանչյուրը 5900 դրամ արժողության: Ի դեպ, դեպարտամենտն ավելի քան 289 հազար դրամ էլ ծախսել է մուտքի քարտեր, 159 հազար դրամ էլ՝ աշխատանքային գրքույկներ գնելու համար:
ԿԱՌԱՎԱՐՉԻ ՅՈՒՐԱՅԻՆՆ Է ԼԱՎԸ
Հովիկ Աբրահամյանը երեկ աշխատանքից ազատել է կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Հայրապետ Սիմոնյանին: Նկատենք, որ գործերի կառավարիչն այն անձնավորությունն է, ով պատասխանատու է տվյալ գերատեսչության նյութատեխնիկական ապահովության, շենքի շահագործման, սպասարկման համար: Գործերի կառավարիչն է իրականացնում համապատասխան պետական գնումները, իսկ սա նշանակում է, որ այդ պաշտոնում սովորաբար նշանակում են յուրայինի՝ ֆինանսական վերահսկողության համար:
ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇԱՐԱՆ
Չնայած Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար, սակայն ՀՀ հարկային եւ մաքսային ծառայությունների պաշտոնական կայքերում նա շարունակվում է ներկայացվել որպես ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Այս երկու պետական գերատեսչությունների կայքերի առաջին էջում շարունակում է մնալ Գագիկ Խաչատրյանի լուսանկարը՝ իր հին պաշտոնով: Նշենք, որ հարկային ու մաքսային ծառայությունները Գ.Խաչատրյանի նշանակվելուց հետո միավորվել են Ֆինանսների նախարարության կազմում, եւ դե յուրե Խաչատրյանը շարունակում է մնալ այդ գերատեսչությունների ղեկավարը, բայց՝ այլ կարգավիճակով:
ՆԻՍՏԻՆ՝ ՆԱԽԱԳԱՀ, ԸՆԴՄԻՋՄԱՆԸ՝ ՂԵԿԱՎԱՐ
Ըստ armlur.am-ի տեղեկությունների՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կարողանում կտրվել ՀՀԿ խմբակցությունից: Կարծես թե Գալուստ Սահակյանը չի կարողանում համակերպվել իր նոր սենյակի հետ ու ԱԺ նիստերի ընդմիջումների ժամանակ, ԱԺ նախագահի աշխատասենյակ գնալու փոխարեն, թիկնապահների ուղեկցությամբ իջնում է ՀՀԿ խմբակցություն: Գալուստ Գրիգորիչի այցը, կարծես թե, կաշկանդում է խմբակցության նորաթուխ ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ով ստիպված է լինում իր տեղը կրկին զիջել Գալուստ Սահակյանին: