ՀԺ. Հայկ Գեվորգյանի ձերբակալությունը հրահանգել է ոստիկանապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Հայկական ժամանակ” օրաթերթն այսօր հայտարարություն է տարածել թերթի լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալկության առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև:”2012թ. փետրվարի 3-ին, ժամը 11-ի մերձակայքում, ոստիկանական “հատուկ ուժային” գործողությամբ ձերբակալվել է “Հայկական ժամանակ” օրաթերթի թողարկման պատասխանատու, հայտնի լրագրող Հայկ Գևորգյանը և տեղափոխվել “Նուբարաշեն “քրեակատարողական հիմնարկ: Այս ընթացքում Հայկ Գևորգյանին զանգ կատարելու հնարավորություն չի տրվել, որևէ պաշտոնական մարմին հարազատներին տեղյակ չի պահել նրա գտնվելու վայրի մասին:ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները լրագրողին կալանավայր տեղափոխելու որոշումը բացատրել են նրանով, որ դեռևս հունվարի 23-ից Հայկ Գևորգյանը գտնվում է հետախուզման մեջ` իր կողմից վարվող մեքենայի հետ կապված ճանապարհատրանսպորտային ինչ-որ պատահարի առնչությամբ: Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքով` մարդու նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել, եթե նրա գտնվելու վայրը հայտնի չէ, և նա խուսափում է քննությունից: Հայկ Գևորգյանը` ինչպես հունվարի 23-ից առաջ, այնպես էլ դրանից հետո, ամենօրյա ռեժիմով շարունակել է իր լրագրողական գործունեությունը, վարել է նույն ավտոմեքենան, ամեն օր այդ մեքենայով ներկայացել աշխատանքի, վերադարձել տուն, մասնակցել կառավարության նիստերին, լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների` ընդհուպ նախարարների ասուլիսներ: Հայկ Գևորգյանը այս ընթացքում նաև մի քանի հեռախոսազրույց է ունեցել ճանապարհային ոստիկանության` նրա նկատմամբ հետախուզում հայտարարած քննիչի հետ և ասել, որ պատրաստ է ներկայանալ քննության, եթե իրեն պատշաճ, ՀՀ օրենսդրությանը համապատասխանող ծանուցագիր ուղարկվի: Գործով քննիչին հայտնվել է նաև Հայկ Գևորգյանի կողմից վարվող ավտոմեքենայի գտնվելու վայրը և առաջարկվել այն զննության ենթարկել տեղում: Խիստ իրավաչափ այս առաջարկությունները, սակայն, չեն ընդունվել: Իրադարձությունների այսօրինակ ընթացքը հիմք է տալիս արձանագրելու, որ “Հայկական ժամանակ” օրաթերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ: Ս/թ հունվարի 12-ի կառավարության նիստից հետո Հայկ Գևորգյանը մասնակցել է լրագրողների հետ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հարցուպատասխանին, նրան առաջադրել մի քանի սուր հարցեր և այդ հարցուպատասխանի արդյունքում “Հայկական ժամանակում” հանդես եկել Վովա Գասպարյանի համար խայտառակ բովանդակություն ունեցող հրապարակմամբ: Հրապարակման խայտառակ բնույթը, սակայն, պայմանավորված է ոչ թե լրագրողի կանխատրամադրվածությամբ, այլ ՀՀ ոստիկանության պետի հետ կապված մի քանի ուղիղ, լրագրողական մեկնաբանության չտրված փաստերի արձանագրմամբ (տես 2012 թվականի հունվարի 13-ի “Հայկական ժամանակը”): Հրապարակման լույսընծայման օրը` երեկոյան, փորձ է արվել վրաերթ-միջադեպ սադրել Հայկ Գևորգյանի վարած մեքենայի մասնակցությամբ: Գևորգյանի զգոնության արդյունքում, սակայն, ծրագիրը չի իրագործվել: Դրան հետևած զարգացումները, ահա, կասկածի տեղ չեն թողնում, որ Հայկ Գևորգյանի ձերբակալությունը և շինծու քրեական հետապնդումը հրահանգավորված են անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից: Ենթադրում ենք, որ վերջինիս նյարդերը վերջնականապես տեղի են տվել ,Հայկական ժամանակիե 2012թ. փետրվարի 3-ի թողարկման առաջին էջում լույս տեսած ,Մե պուճուր նվեր հրապարակման պատճառով, որը վերաբերում է Վովա Գասպարյանի 120-150 հազար դոլար արժողությամբ “G” դասի “Մերսեդեսի” ծագումնաբանությանը: “Հայկական ժամանակ” օրաթերթի խմբագրակազմը, այսպիսով, հայտարարում է.1. Հայկ Գևորգյանի ձերբակալությունը իշխանության վերնախավի և, մասնավորապես, ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից հրահանգավորված ապօրինի և լկտի հետապնդում է, որի նպատակը Գևորգյանի նկատմամբ անձնական վրեժ լուծելն ու նրա լրագրողական գործունեությունը կասեցնելն է:2. Վովա Գասպարյանը և իշխանական վերնախավի մյուս ներկայացուցիչները այս հարձակմամբ նպատակ ունեն խոչընդոտելու “Հայկական ժամանակ” օրաթերթի գործունեությունը, վախի մթնոլորտ սերմանել հայաստանցի բոլոր այն լրագրողների նկատմամբ, ովքեր կոռումպացված իշխանության որևէ ներկայացուցչի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները հրապարակելու հոգեբանական դժվարություններ չունեն:”Հայկական ժամանակ” օրաթերթի խմբագրակազմը պահանջում է անհապաղ ազատ արձակել Հայկ Գևորգյանին:Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ շարունակելու ենք անհաշտ պայքարը կոռուպցիայի, ամենաթողության, իշխանական սանձարձակության դեմ` ի կատարումն խոսքի ազատության, տեղեկություններ ստանալու և տարածելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մեր և մեր ընթերցողների իրավունքների: 




Լրահոս