Սերժ Սարգսյանը չպետք է այդպես լռեր ու միայն դեմքը ծամածռեր. Արամ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում նա անդրադարձել է նաև Նուրսուլթան Նազարբաևի հայտարարություններին:

«Նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում», – մասնավորապես նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանի դիտարկումների մասին armlur.am-ը զրուցեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ:

– Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս եք վերաբերվում Նազարբաևի և Սերժ Սարգսյանի հայտարարություններին:

– Շատ ավելի կարևոր կլիներ, որ Սերժ Սարգսյանն անկախ ամեն ինչից արձագանքեր Նազարբաևին: Տարբերակները շատ էին, բայց, օրինակ, կարող էր ասել, որ առաջին հերթին՝ Ադրբեջանն այս ֆորմատում չկա: Երկրորդ՝ քննարկել են այն մարդու նամակը, որն իր երկրում հերոսացնում է մարդասպանին: Գոնե շատ կարևոր կլիներ, որ Հայաստանն արձագանքեր: Ուղղակի ասել, որ դա վնաս չէ և այդպես լռել,  միայն դեմքը ծամածռել՝ տեղյակ չլինելով, թե ինչ ասել:

Բայց եթե նույնիսկ տեղյակ չի եղել, այստեղ արժանապատվության խնդիր կա՝ չհաշված, որ մենք ժամանակին ասել ենք, որ ճիշտ այն կլիներ,  որ Հայաստանը չլիներ ոչ Մաքսային միության անդամ, ոչ էլ, ասենք, ստորագրի Ասոցացման համաձայնագիրը:

Ես չեմ կարծում, որ ռուսների մոտ ցանկություն կար, որ մենք մտնեինք Մաքսային միություն: Նրանց մոտ ավելի շատ ցանկություն կար, որ մենք չստորագրեինք Ասոցացման համաձայնագիրը: Անկախ ամեն ինչից՝ Ռուսաստանի համար Հայաստանը գլխացավանք է Ղարաբաղի հարցի համար: Այն ինչ նա ասել է այսօր հանդիպման ընթացքում՝ ավելի պատվով կլիներ, որ այնտեղ խոսեր և արձագանքեր:

– Դուք նույնպես այն կարծիքի՞ն եք, որ եթե Ռուսաստանը կարող է միանալ Ղրիմի հետ, ինչո՞ւ Հայաստանը չի կարող անդամակցել Լեռնային Ղարաբաղի հետ:

– Հենց գոնե այդ հարցը պետք է բարձրացվեր: Բարձրացնելու համար դու պետք է քո դրվածքը դնես այդ նախագահների մոտ: Նրանք մեզնից ոչ պակաս գիտեն Սերժ Սարգսյանին: Ինքը կարող էր ասել, որ սահմանների հարց չի քննարկվում, և դա պետք է ասվեր: Իսկ այն, որ Ռուսաստանը Ղրիմով է մտնում, դա Ռուսաստանի ուժից է կախված և մեր թուլությունից:

Մենք ոչ թե պետք է վազելով մտնեինք, այլ հակառակը՝ մենք պետք է սակարկեինք: Իսկ Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա ընթացքում որոշեց մտնել Մաքսային միություն: Նշանակում է՝ նա՝ հանձինս Մաքսային միության և Պուտինի, հենարան է ման գալիս իր իշխանությունը պահպանելու համար: Միշտ էլ այն նախագահները, ովքեր միայն իշխանություն են պահում, դառնում են գործիք մեծ պետությունների նախագահների ձեռքին: Այս ամենի լուծումը միայն իշխանափոխությունն է, որ նոր նախագահը կարողանա սրբագրել այն սխալները, որոնք կատարվել են:

– Փաստորեն, այս ամենը տանում է նրան, որ մաքսակետ դրվի Հայաստանի և Ղարաբաղի միջև: Դուք խնդրի այլ լուծում տեսնո՞ւմ եք:

– Ես չեմ պատկերացնում, որ պետք է մաքսակետ դրվի: Ուրիշ խնդիր է, որ Ադրբեջանն անընդհատ դա պնդելու է: Դրվելու դեպքում էլ դա պետք է ֆորմալ բնույթ կրի: Անընդհատ մենք սխալներից հետո փորձում ենք գտնել ճիշտ լուծումը, բայց ամենակարճ ճանապահը սխալվող մարդուն իշխանությունից հանելն է: Աստանայից հետո Սերժ Սարգսյանը գոնե պետք է հրաժարական տար:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս