ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԼՈԳԵՐԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Անդրանիկ Մկրտչյանն անդրադառնալով Ուկրաինայի նախագահական ընտրություններում Հայաստանի դիտորդական առաքելությանն ասաց, որ դա Հայաստանի գործն է եւ իրենք այդ դիտորդական առաքելության մասին ոչինչ չգիտեն:

Նշենք, որ մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի նաեւ Հայաստանը: Այդ մասին երեկ հայտարարել է Հովիկ Աբրահամյանը եւ համապատասխան որոշում ստորագրել: ՀՀ վարչապետի՝ թիվ 452-Ա որոշման համաձայն, հայկական դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի երկու բլոգերից` «Մարդկային զարգացում» հ/կ նախագահ Սերգեյ Չամանյանը եւ «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա»-ի խորհրդատու Տիգրան Քոչարյանը: Այս դիտորդական առաքելությունը կարժենա մոտ 5000 եվրո, եւ ըստ վարչապետի որոշման՝ դա կֆինանսավորվի ՀՀ պետբյուջեից: Նկատենք, որ հայկական պատվիրակությունը մի կողմից ներկայացված կլինի ընտրություններում որպես դիտորդական կողմ, մյուս կողմից՝ դիտորդների մեջ չեն լինի պետական պաշտոնյաներ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Անդրանիկ Մկրտչյանը նշեց, որ իրենք չեն մասնակցում նախագահական ընտրություններին եւ ոչ մի կողմին չեն պահում: «Քանի որ Հայաստանը հանդիսանում է Եվրոպայի անդամ, նա ունի իրավունք իր դիտորդական առաքելությունը ուղարկել նախագահական ընտրություններում, բայց կրկնում եմ՝ մենք այդ մասին որեւէ տեղեկություն չունենք եւ չենք խառնվում: Այսքանով կսահմանափակեմ այս թեման»:
Ըստ Անդրանիկ Մկրտչյանի` այս օրերին Դոնեցկում իրավիճակը բավականին բարդ է. «Մենք մեր բոլոր հայ համայնքների կառույցների հետ կապված ենք ու փորձում ենք հնարավորինս օգնել նրանց: Անցած շաբաթ մոտ 25 ընտանիք տեղափոխել ենք այլ տեղ, մինչեւ տեսնենք՝ ինչ կլինի»,-ասաց Մկրտչյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս