ՀՀ Կոտայքի մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր ահռելի ունեցվածքը դիզել է դեռեւս մինչեւ նախարար նշանակվելը` օրինական ձեւով:
-Պարոն Հարությունյան, Կոտայքի նախկին մարզպետ Կոլավենկո Շահգալդյանը Ձեզ ինչպիսի՞ ժառանգություն է փոխանցել: Դուք այս ընթացքում արդեն ուսումնասիրե՞լ եք Ձեր ղեկավարմանը հանձնված կառույցը, ի՞նչ թերություններ եք բացահայտել, որոնցից էլ սկսելու եք Ձեր աշխատանքը:
-Կոնկրետ սկսել ենք մեր գործառույթներից, իսկ դրանք վերաբերվում են համայնքների հետ աշխատանքին, տեղական տուրքերին` հողի հարկ, գույքի հարկ, վարձավճարներ եւ այլն: Իսկ այս ընթացքում, խնդիրները, որոնց հետ մենք առնչվում ենք, դրանք զինվորական զորակոչի հետ կապված խնդիրներն են, առողջապահության հետ կապված խնդիրներն են, նաեւ այն խնդիրներն են, որոնք ամենօրյա աշխատանք են պահանջում:
-Կոտայքի նախկին մարզպետից լուրջ դժգոհություններ կային, կարելի է ասել` նրան մարզում չէին ընդունում: Դուք ինչպե՞ս եք վերականգնելու մարզպետարանի հանդեպ հավատը, ի՞նչ եք անելու, որպեսզի Ձեր մարզի ժողովուրդը վստահություն ունենա դեպի մարզպետը:
-Կոտայքի նախկին մարզպետին անդրադառնալը կոռեկտ չեմ համարում, դրանով ամեն ինչ ասված է, դրա մասին այլեւս երբեք չեմ խոսելու ու ես դրա նպատակահարմարությունը չեմ գտնում: Իսկ երկրորդն էլ՝ ես իմ աշխատանքը ստանձնել եմ պատասխանատվությամբ, նվիրումով եւ համբերատարությամբ` շփվելու, աշխատելու, ներկայանալու եւ ցույց տալու այն բոլոր հնարավորությունները, որոնք ես ունեմ: Պետք է կարողանալ մարդկանց հետ շփվել` գործարարներից սկսած` մինչեւ շարքային քաղաքացին:
-Բանապահպանության նախարար աշխատելու տարիներին Դուք եւս շատ վարկաբեկվեցիք Ձեր գործունեության պատճառով: Արդյո՞ք կկարողանաք Ձեր բարի համբավը վերականգնել:
-Ես խորհուրդ կտամ այդ հարցի պատասխանը ստանալ ինչ-որ մի ժամանակահատված հետո, այցելեք մարզի տարբեր բնակավայրեր եւ Ձեր կարծիքը թող ձեւավորվի մարզից: Ես համեստորեն կարող եմ պատասխանել, որ շատ լուրջ եմ տրամադրված. իմ իրավունքի շրջանակներում կատարելու եմ իմ պարտականությունները:
-Իսկ ի՞նչն էր Ձեզ խանգարում դա անել նախարար աշխատելու տարիներին: Ձեր ղեկավարման ընթացքում բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել նախարարության դեմ…
-Բազմաթիվ անգամ նշել եմ, որ այդ խոսակցություններն անհեթեթություններ են, ես արդեն սահմանված կարգով բացատրել եմ, թե որ գործն ինչ կարգով, ինչ ընթացքով է ու այս պահին էլ ուզում եմ ասել, որ Բնապահպանության նախարարությունը մեծ պոտենցիալ ունի, հրաշալի մասնագետներ` իր առջեւ դրված խնդիրները լուծելու համար:
-Մտավախություն չունե՞ք, որ այդ քրեական գործերի քննության արդյունքում բացահայտվի, որ իրական եւ միակ մեղավորը Դուք եք:
-Դուք կարող եք այդ բացահայտումների, այդ չարաշահումների վերաբերյալ համապատասխան մարմիններից ստանալ ինֆորմացիա: Ես որեւէ մտավախություն չունեմ, ես համոզված եմ, որ ես Բնապահպանության նախարարությունում աշխատել եմ իմ իրավասությունների եւ պարտականությունների շրջանակներում:
-Նախարար աշխատելու տարիներին Ձեզ հաջողվել է հսկայական ուենցվածք դիզել, ինչպե՞ս եք դա բացատրում:
-Ձեզ կխնդրեի, որպեսզի վերցնեիք ու ծանոթանայիք իմ հայտարարագրերին, ըստ ուղղությունների… ես պարտաճանաչ կարգով… դեռեւս լինելով ԱԺ պատգամավոր, պարտաճանաչ կարգով ներկայացրել եմ իմ հայտարարագրերը: Եթե ծանոթանալուց հետո Ձեզ մոտ հարցեր կառաջանան, ես պատրաստ եմ Ձեր հարցերին պատասխանել: Ես հայտարարագրերում ներկայացրել եմ այն, ինչը փաստացի կա:
-Հայտարարագրերը հայտնի են, բայց անհայտ է, թե Ձեզ ինչպե՞ս է հաջողվել 69.278.836 դրամ եկամուտ ձեռք բերել:
-Եթե իմ հայտարարագրերը նայեք` կտեսնեք, թե ինչպես, կտեսնեք, թե ես իմ գործունեության ընթացքում որտեղ եմ աշխատել, ինչ գործունեությամբ եմ զբաղվել, մինչեւ պատգամավոր դառնալս ինչպիսի սեփականություն եմ ունեցել: Ամբողջն այնտեղ ներկայացված է: Մինչեւ պատգամավոր դառնալս այդ հայտարարագրերն արդեն իսկ կային: Ամբողջը թափանցիկ է ու դուք կարող եք դրանց ծանոթանալ: Մի անգամ ինձ հարցրել են, թե ես շահույթ եմ ստացե՞լ իմ ձեռնարկությունից այն ժամանակ, երբ ամբողջ երկրում ճգնաժամ էր, իսկ ես էլ խնդրում եմ վերցնել ու նայել հաշվապահական հաշվառումը, եթե կասկածելի բան կա` կարող եմ բացատրել:
-Այդուամենայնիվ, Ձեր նոր նշանակումից հետո մամուլում անգամ նշվեց, որ այժմ էլ Դուք գնում եք Կոտայքի մարզն ավերելու:
-Ոչ, այդպիսի տպավորություն մի ստացեք, դուք նաեւ ինքներդ ականատես կլինեք նոր կատարված լավ գործերին:
-Այդ լավ գործերն ինչո՞ւ Բնապահպանության նախարարությունում չէիք անում:
-Բնապահպանության նախարարությունում շատ լավ գործեր ենք արել, միայն մի քանի օրինակները բավական են, որ իմ խոսքերը հաստատվեն, կարող եք վերցնել ու ինքներդ նայել: Ես ինքս գնահատականներ չեմ տալու, ես կարող եմ ընդամենը նոր նախարարի գլխավորությամբ նույն թիմին հաջողություններ մաղթել: Բոլորը պետք է այնպես անեն, որ բնապահպանական խնդիրները բարձր մակարդակի վրա լինեն:
-Բայց բնապահպանները չափազանց դժգոհ էին Ձեր աշխատանքից, անգամ նախարարության վատ աշխատանքի արդյունքում աղտոտված գետի ջուր էին բերել, որպեսզի խմեք:
-Շատ նորմալ է, ոչ մեկից նեղացած չեմ: Խորհուրդ եմ տալիս՝ հավաքվեք նոր նախարարի շուրջ` սատարեք, օգնեք, հետո պահանջեք:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ