Համակարգչային խաղերը վերածվել են մոլուցքի թե՛ մանուկների, թե՛ երիտասարդների, թե՛ տարեցների մոտ: Ընդ որում, այդ մոլուցքի հետեւանքներն առավել ծանր են լինում հենց փոքր տարիքի երեխաների համար:
Հոգեբանները նշում են, որ փոքր տարիքի երեխաների համար համակարգչի առաջ անցկացվող թույլատրելի ժամանակահատվածն օրական 1 ժամն է: Ծնողները պետք է փորձեն ավելի հետաքրքիր զբաղմունք գտնել երեխաների ուշադրությունը շեղելու համար: Համակարգչի առաջ ավելի շատ ժամանակ անցկացնելը ոչ միայն կարող է դառնալ ողնաշարային, սիրտ-անոթային եւ մի շարք այլ հիվանդությունների պատճառ, այլեւ կարող է առաջ բերել մի շարք հոգեբանական խնդիրներ:
«Ներկայիս համացանցային խաղերը երեխաների վրա հիմնականում բացասական ազդեցություն են ունենում. երեխան հեռանում է իրական աշխարհից, դադարում է շփվել ընկերների հետ, ինչը հետագայում հանգեցնում է շփման հետ կապված մի շարք խնդիրների,-բացատրում է հոգեբան Նարինե Հովհաննիսյանը եւ հավելում,-միչեւ 6 տարեկան երեխաները պետք է 30 րոպեից ավել չնստեն համակարգչի առաջ»:
Ըստ հոգեբանի` ծնողները չեն մտածում, թե համակարգչային խաղերն ինչ ազդեցություն կարող են ունենալ երեխայի հոգեբանության վրա. երեխան սկսում է ուղղակի ավելի քիչ շփվել ընկերների հետ, սկսում է ապրել վիրտուալ աշխարհի իր սիրելի հերոսների կյանքով: «Շատ հաճախ երեխաներն իրենց նմանեցնում են այդ հերոսներին, արտասահմանում նույնիսկ դեպքեր են եղել, երբ երեխան ինքնասպանության փորձ է կատարել` մտածելով, որ դեռ մի քանի կյանք ունի: Ծնողներին խորհուրդ եմ տալիս ուղղակի մի հետաքրքիր խաղ մտածել, որը կզարգացնի ե՛ւ երեխայի տրամաբանությունը, ե՛ւ կշեղի նրա ուշադրությունը համացանցային խաղերից»,-ասում է Նարինե Հովհաննիսյանը:
Երեւանում մինչեւ 8 տարեկան երեխաների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր երրորդ երեխան օրական ամենաքիչը երկու ժամ անցկացնում է համակարգչի առջեւ: Սակայն դա ծնողներին այնքան էլ չի մտահոգում, քանի որ նրանց կարծիքով այդ խաղերը հիանալի միջոց են, որոնք կարող են երեխային զբաղեցնել: Որպես ամենահեշտ այլընտրանք` հոգեբանները խորհուրդ են տալիս երեխայի համար որեւէ մուլտֆիլմ միացնել, սակայն մուլտֆիլմի ընտրության հարցում էլ պետք է ուշադիր լինել:
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ` ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ