ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ՀՀ կառավարության ծրագրի քվեարկության օրը գինովցած չի եղել: Պատգամավորը վրդովվեց մեր հարցից ու հայտարարեց, թե իրականում բոլորը սխալ տեղեկություններ են տարածում այդ մասին: Այվազյանը վստահեցրեց, որ ինքն այդ օրը շատ սթափ վիճակում է եղել ու շատ լավ հիշում է, թե ինչ ելույթներ է ունեցել, քանի հարց է ներկայացրել եւ, ի վերջո, ինչպես է քվեարկել:
-Պարոն Այվազյան, ՀՀ կառավարության ծրագրի քվեարկության օրը Դուք եւ Ձեր կուսակցության մի շարք անդամներ խորհրդարանի դահլիճ էիք եկել ոչ սթափ վիճակում, ակնհայտ երեւում էր, որ գինովցած եք: Ինչո՞ւ էիք որոշել նման վիճակում մասնակցել քվեարկությանը:
-Մի հիմար մի բան ասել է, իսկ մյուսներն էլ կրկնում են, ես խմած չեմ եղել:
-Բայց կան կոնկրետ վիդեոկադրեր, լուսանկարներ, որտեղ շատ հստակ երեւում է, որ Դուք ոչ սթափ վիճակում էիք:
-Ես կխնդրեի այդ կադրերը ցույց տալ, ու ես կասեի, թե ինչպես է եղել կամ չի եղել: Եթե ա՛յ դա ցույց տան, ես մեծագույն սիրով… ներողությունն էլ է մարդու համար, ներողություն էլ կխնդրեմ, բայց եթե ես խմած չեմ եղել, ինչպես կարող եմ ասել, որ խմած եմ եղել: Հետո էլ՝ խմելը վատ բան չէ: Մարդը կարող է խմել, հարբած լինելն է վատ բան:
-Ձեր գործընկերները` Արայիկ Գրիգորյանն ու Առաքել Մովսիսյանը, եւս ոչ սթափ վիճակում էին գտնվում, նրանք անգամ չէին գիտակցում իրենց կատարած քայլերը, քանի որ անգամ հայհոյում էին: Դուք դա էլ ե՞ք հերքում:
-Դուք հարցնում եք իմ մասին, շարունակեք հարցնել իմ մասին: Եթե ինձ ու իմ ընկերոջը իրար հետ են համեմատում, ապա ես դա նորմալ եմ ընդունում, բայց չի կարելի մի հիմարի ասածը կրկնել:
–Կառավարության ծրագրի քվեարկությանը Ձեր գործընկերներն անգամ նման վիճակում ՙպահվել՚ էին միայն նրա համար, որպեսզի ՀՀԿ-ն կարողանար կառավարության ծարգիրն «անցկացնել»: Ձեր կուսակցությունը իրեն վատ չի՞ զգում, որ նման տճահ իրավիճակում էր հայտնվել:
-Եթե Դուք լինեիք իմ փոխարեն, ինչ կպատասխանեիք… ՀՀԿ-ն խնդիր չունի, դուք երբեւէ տեսե՞լ եք, որ մենք նման խնդիր դնենք: Ինչ եք ուզում, ես իրենց տեղը ցուցմո՞ւնք տամ, ինչ ասեմ: Այսինքն՝ դուք կարծում եք, որ այդ մարդիկ այդքան իրենց սեփական մտածողությունը չունեն, որ նման քվեարկությանը չմնայի՞ն… կամ պետք է իրենց պահեր Վարդան Այվազյա՞նը:
-Բայց ոչ սթափ վիճակում գտնվող պատգամավորները չեն էլ թաքցրել, որ ՀՀԿ-ն իրենց «պահել• է, որպեսզի մասնակցեն քվեարկությանը:
-Այսինքն՝ խմբակցությունը կալանավորե՞լ էր, ձեռնաշթղա՞ էր հագցրել, չեմ հասկանում, թե ինչերի հետեւից եք ընգել:
-Այսինքն՝ Դուք նորմա՞լ եք համարում, երբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը մասնակցում է Կառավարության ծրագրի քվեարկությանը` ոչ սթափ վիճակում:
-Եվ ո՞ւմ է խանգարել դա:
-Այսինքն` խնդիրը միայն խանգարե՞լն է: Դա խանգարել է խորհրդարանի բնականոն աշխատանքին, կոնկրետ՝ Հեղինե Բիշարյանի ելույթների ժամանակ էին ոչ սթափ պատգամավորները շատ ակտիվ…Իշխող Հանրապետական կուսակցությանը դա դո՞ւր է գալիս:
-Հանրապետականը նման բան չի տեսել, ես չեմ տեսել, որ իրենք խմած են, բայց եթե այդ մարդն իր գործունեությամբ որեւէ վատ բան չի արել, ես այլ բան չեմ կարող ասել: Հետո դուք ինչ եք մտածում, ես պետք է վեր կենամ ու ասեմ՝ ընկերս խմած է, խմած չէ, ինչ-որ դատողություններ անե՞մ: Դա կոռեկտ չի:
-Չե՞ կարծում, որ ՀՀԿ-ականների նման պահվածքը կոռեկտ չէ: Եվ պատահական չէ, որ այսօր որեւէ քաղաքական ուժ չի ցանկանում ՀՀԿ-ի հետ ճանապարհ անցնել: Անգամ Ձեր նախկին կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը հրաժարվեց ՀՀԿ-ի հետ իշխանությունը կիսելուց:
-Մենք ունենք 6 այլ կուսակցության ներկայացուցիչներ, ովքեր ներկայացված են ԱԺ-ում, ՀՀԿ խմբակցությունում: ՀՀԿ-ի քաղաքական պատասխանատվությամբ, համախմբվածությամբ, ցուցադրված գործառույթներով արդեն ամեն ինչ ասված է: Սա որեւէ մեկի կարծիքով չպետք է լինի… Հանրապետական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ունենալով ինքը միշտ իշխանությունը կիսել է, հիմա կարող է գալ մի պահ, որ ուզենան իշխանություն կիսել, բայց պատասխանատվություն չկիսեն, կարող է գալ մի պահ, որ այդ ամենը մենակ ՀՀԿ-ն անի: Այնպես որ, սրանք քաղաքական պրոցեսներ են: Իսկ եթե մեկը մտածում է, որ այդ ամենը ՀՀԿ-ի հանդեպ հավատի կամ ոչ հավատի խնդիր է, ապա դա էլ թողնենք, թող էդ մարդն իր կարճ խելքով այդպես մտածի:
-Համամի՞տ եք Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, որով նա քաղաքացուն իր խնդիրները կարգավորելու համար ուղորդում է ոչ թե պետական ատյաններ, այլ՝ Հանրապետական կուսակցություն, ինչպես որ արվում էր խորհրդային ժամանակներում:
-Սերժ Սարգսյանը շատ ճիշտ բան է ասել, երկրի նախագահը շատ լավ ելույթ է ունեցել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ