Հայաստանի տնտեսագիտական համալսարանը գաղտնի է պահում իր շրջանավարտների ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թ.-ի ապրիլի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին` խնդրելով տրամադրել ՀՊՏՀ-ի` 1990 և 1991 թ.թ.-ի բոլոր շրջանավարտների ցանկը (անուն-ազգանունները):

Հարցումն ուղարկելուց 9 օր անց ՀՊՏՀ-ն պատասխան գրությամբ հայտնեց, որ ԻԱԿ-ի հարցման բովանդակությունից անհայտ է՝ քաղաքացու, թե իրավաբանական անձի կողմից է հարցումը կատարվել: Սա անհիմն պատասխան էր, քանի որ ԻԱԿ-ն ավելի քան 11 տարի է՝ տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմում է տեղեկություն տնօրինող մարմիններին նույն ձևով, ինչ դիմել է ՀՊՏՀ-ին, և որևէ դեպքում նման պատասխան չէր ստացել: Ավելին, հարցումը կազմվել էր հենց ԻԱԿ-ի ձևաթղթի վրա, ուներ ելից հերթական համար, ուստի ակնհայտ էր դիմողի անձը։ Նշենք նաև, որ ընդամենը 5 օր առաջ ՀՊՏՀ-ն ԻԱԿ-ի մեկ այլ` բացարձակ նույն կերպ կազմված հարցմանը տրամադրել էր լիարժեք պատասխան:

Այնուամենայնիվ, 2014 թ.-ի մայիսի 6-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանն իր անունից տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմեց ՀՊՏՀ-ին` խնդրելով տրամադրել ԻԱԿ-ի կողմից 2014 թ.-ի ապրիլի 16-ին ուղարկված տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ խնդրված նույն տեղեկությունները: ԻԱԿ-ի իրավաբանի կողմից հարցումն ուղարկելուց 14 օր անց ՀՊՏՀ-ն պատասխանեց, որ չի կարող տրամադրել պահանջվող տեղեկությունները, քանի որ դա կապված է մեծածավալ աշխատանքների հետ, իսկ համալսարանը նշված աշխատանքները կատարելու համար աշխատողներ տրամադրելու հնարավորություն չունի:

Ակնհայտ է, որ շուրջ երեք ամիս տևած այս նամակագրությամբ Տնտեսագիտական համալսարանը պարզապես տեղեկության տրամադրումը ձգձգելու միտում ունի։ Համասլարանը մերժեց նաև ԻԱԿ-ի իրավաբանի` շրջանավարտների ցանկին տեղում ծանոթանալու առաջարկը՝ այդպիսով կոպտորեն խախտելով տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը։

ԻԱԿ-ի հարցմանը և ՀՊՏՀ-ի պատասխանին կարող եք ծանոթանալ  http://givemeinfo.am/hy/case/1353/ հղմամբ, իսկ ԻԱԿ-ի իրավաբան Գևորգ Հայրապետյանի հարցմանը և ՀՊՏՀ-ի պատասխանին` http://givemeinfo.am/hy/case/1377/ հղմամբ:

 

Ինֆորմացիայի ազատության կենտրոն




Լրահոս