Հունիսի 8-ին Գորիսում կայացած քաղաքապետի ընտրություններում, ինչպես և սպասելի էր, հաղթեց ՀՀԿ-ական թեկնածու Վաչագան Ադունցը: Մյուս թեկնածուն անկուսակցական Հրայր Յոլյանն էր:
Չնայած որ այդ օրը եղան ահազանգեր ընտրախախտումների մասին, նա ստացավ ձայների առավելագույն քանակը:
Նշենք, որ ահազանգերից մեկն այնն էր, թե ՀՀԿ-ական թեկնածուի կողմնակիցները գորիսեցիներին ուղորդում են ընտրել Ադունցին, սակայն վերջինս էլ հերքեց դա՝ վստահեցնելով, թե Յոլյանի կոմնակիցներն են այդ կերպ վարվում:
Այս ամենն այնքան էլ էական չէ: Այստեղ կարևորն այն է, որ Ադունցը համարվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն, և հենց վերջինիս աջակցության և հովանավորության շնորհիվ էլ նա կարողացավ հաղթել քաղաքապետի ընտրություններում:
Նշենք, որ ի սկզբանե քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուները չորսն էին, սակայն Տիգրան Կարապետյանն ու Արա Բուդաղյանն ինքնաբացարկ հայտարարեցին: Ինչպես հայտնի է, վերջինս Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերի հետևանքով մահացած Ավետիք Բուդաղյանի և վիրավորված Արտակ Բուդաղյանի եղբայրն է:
Ադունցը շատ խոստումներ է տվել գորիսեցիներին, սակայն այն, որ նա համարվում է նախկին մարզպետի մտերիմը, արդեն առիթ է տալիս եզրակացնելու, որ նա չի կատարի դրանք, իսկ գորիսեցիներն էլ կշարունակեն ապրել վախի մթնոլորտում: Երբ հայտնի դարձավ, որ նա է թեկնածուներից մեկը, արդեն խոսակցություններ եղան այն մասին, որ այս կերպ Գորիսում ցանկանում են վերակենդանացնել Սուրիկ Խաչատրյանի հին ռեժիմը: