ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԵՂԱԿԱԼԸ ԲԱՆԱՎԻՃՈՒՄ Է

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, վերջերս սրվել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի եւ նրա առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հարաբերությունները: Մեր տեղեկություններով՝ Մուրադյանը ոչ միայն նախարարության աշխատակիցների, այլեւ՝ անձամբ նախարար Մանուկյանի հետ շփումներում իրեն բավականին վատ է պահում, խոսում է արհամարհական տոնով, նույնիսկ փորձել է բանավեճի ժամանակ կոպիտ ու վիրավորական պատասխաններ տալ: Հերթական նման խոսակցության ժամանակ արդարադատության նախարարն իր տեղակալին բավականին կտրուկ բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն վերադաս-ստորադաս փոխհարաբերությունները: Հովհաննես Մանուկյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ ինքն իր բոլոր տեղակալների հետ ունի փայլուն հարաբերություններ:

ՇՓՈԹՎԱԾ ԲՀԿ-ԱԿԱՆԸ

ԱԺ ԲՀԿ խմբակցության նորաթուխ անդամ, Հրազդանի հացի գործարանի տնօրեն Տիգրան Ներսիսյանը երեկ մտամոլոր քայլում էր ԱԺ միջանցքներով: «Ժողովուրդ»-ը փորձեց նորաթուխ պատգամավորին մի քանի հարց ուղղել, որոնց նա պատասխանեց կցկտուր, շփոթված: Մեր հարցին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ զրուցե՞լ է ԱԺ-ում իր անլիքների մասին, պատգամավորն ասաց. «Դե, մենք հանդիպում ենք պարոն Ծառուկյանի հետ, անելու եմ այն, ինչ մնացած պատգամավորները»:

ԼՈՌԵՑԻ Է ՈՒ ԽՆԴԻՐ ՉԿԱ

Լրագրողական հետաքննության արդյունքում, 2012թ. ԱԺ ընտրությունների արդյունքում Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից պատգամավոր դարձած Էդմոն Մարուքյանին տրված մշտական բնակության վայրի մասին տեղեկանքի պատմության վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու համար հատուկ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իրենց համաձայնությունն են տվել ԱԺ 5 խմբակցություններ: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովից պարզել, թե արդյոք ՀՀԿ-ում համաձա՞յն են նման լսումներ կազմակերպելուն:
-Ես Էդմոն Մարուքյանի ելույթը լսել եմ ԱԺ ամբիոնից ու ես Է. Մարուքյանին վստահում եմ, ինքս էլ լոռեցի եմ: Դրա լսում անելու նապատկը ո՞րն է:
-Որպեսզի ներկայացվի, թե իրականում ինչպես է Էդմոն Մարուքյանը պատգամավոր ընտրվել:
-Կան պատկան մարմիններ, լսումով, հանձնաժողովով պետք է որոշվի կե՞ղծ է, թե՞ կեղծ չէ: Դրա համար կա ԿԸՀ, կան դատարաններ, կա ոստիկանություն:
-Այսինքն՝ եթե խորհրդարանական լսումներ կազմակերպվեն, հանձնաժողով ստեղծվի Դուք դե՞մ եք լինելու:
-Ոչ Մարուքյանն է դեմ եւ ոչ էլ լսումներ անողները, հիմա թող իրենք որոշեն: Ես ընդամենն ասում եմ, որ դրա համար կան համապատասխան մարմիններ: Մարուքյանն ասել է, որ ինքը պատրաստ է ցանկացած հարցի պատասխանել ու այդտեղ ինքը որեւէ խոչընդոտ չի տեսնում: Եթե մարդն ինքը պատրաստ է, ես այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում:




Լրահոս