ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՕԳՏԻՆ

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը երեկ հայտարարել է, թե ապրիլի 1-ից սկսած խախտումներ ունեցող անձինք, ներքին պայմանավորվածությունների հիման վրա, ՌԴ մուտքի եւ ելքի ժամանակ պատժամիջոցների այլեւս չեն ենթարկվի: Նշենք, որ այս խնդիրն առաջացել էր 2014թ. հունվարի 1-ից, երբ ՌԴ-ն ընդունեց միգրանտների մասին նոր օրենքը: «Այդ խնդիրն ընդհանուր առմամբ վերաբերում է շուրջ 800 000 մարդու, որոնցից 34 000-ը հայեր են: Սակայն նաեւ մենք ունենք տեղեկատվություն այն մասին, որ շուրջ 170 000 հայեր գտնվում են ռիսկի գոտում. նրանց նկատմամբ դեռեւս պատժամիջոցներ չեն կիրառվել, սակայն նրանք ռիսկի տակ են»,-ասել է Նաղդալյանը:

ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՉԳՆԱՑԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՂԻՈՎ

Եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեները հրավիրվել են Բաքու` մասնակցելու սպորտի պատմության մեջ առաջին անգամ այնտեղ անցկացվելիք Եվրոպական օլիմպիական խաղերի մեկնարկի ժամանակի հետհաշվարկը սկսելու առիթով գալա երեկոյին: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը երեկ Aravot.am-ին տեղեկացրեց, որ Հայաստանի ԱՕԿ-ը պատվիրակություն չի գործուղել Բաքու: Ռոստոմյանը նշել է նաեւ, որ դեռ հայտնի չէ, թե Հայաստանը կմասնակցի, արդյոք, Եվրոպայի օլիմպիական խաղերին, թե ոչ:

ՆԻՍՏ՝ ԱՌԱՆՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ

Այսօր ՀՀ կառավարությունում արտահերթ նիստ է տեղի ունենալու: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կներկայացնի «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը կգնա Ազգային ժողով: Արտահերթ նիստն անցնելու է առանց լրագրողների ներկայության:

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՄՈՐԸ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԵՆ

Աբովյանի Չափիչ գործարանի թիվ 1 հանրակացարանի բնակչուհի, 10 երեխաների մայր տիկին Սվետան, ով 1973 թվականից բնակվում է 32 քառակուսի մետր տարածքում, 1in.am-ի փոխանցմամբ, դիմել է Աբովյանի ներկա քաղաքապետ Կարապետ Գուլոյանին՝ այդ բնակարանի սեփակաշնորհման հարցով, սակայն վիրավորական պատասխան է ստացել: «Ասաց՝ ինչո՞վ կարող եմ օգնել: Ասացի՝ գոնե վիզ վերցրու՝ ամիսը մեկ անգամ մեկ պարկ ալյուր տրամադրես: Մեկ տարի ու երեք ամիս տվեց, բայց հետո այնպես… Մարդ ամաչում էր, ոնց որ մարդու նվաստացներ, էլ չեմ վերցնում»,-1in.am-ին ասել է տիկին Սվետան:

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԸ

Հունիսի 16-ին պաշտոնական այցելությամբ Բեռլին ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեստագի նախագահ Նորբերթ Լամերթին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրոպական միությունը համատեղ հայտարարությամբ վերահաստատեցին իրենց հանձնառությունը` զարգացնել եւ ամրապնդել Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը:




Լրահոս