ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԳԻՏԵՆ՝ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ

Շուտով մարզական լրագրողները, ընդհանրապես մարզաշխարհի մարդիկ կորոշեն 2013թ. լավագույն մարզիկներին, եւ նորից ոմա՛նք սրտացավությամբ, ոմա՛նք հատուկ միտումով կսրեն իրավիճակը։ «Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացված, այսպես կոչվող, քննարկումներին, երբ նախարարությունը ցանկանում էր լրագրողներին պարտադրել լավագույնին ընտրելու իր տարբերակը։ Բայց նրանց ջանքերը ձախողվեցին։ Սակայն այսօր ուզում ենք անդրադառնալ մի հարցի, որը դուրս էր մնացել մեր հրապարակումից։ Նախարարությունը ներկայացրել էր լավագույնների իր ցուցակը, որտեղ ընդգրկված էր ընդամենը 13 մարզիկ, եւ չկար ոչ մի ֆուտբոլիստ։ Մինչդեռ այդ հավաքը, քննարկումները ծավալելու նպատակներից մեկն էլ ֆուտբոլն էր։ ՀՖՖ նախագահը հույսը դրել էր սպորտի նախարարության վրա, որտեղ, սակայն, երեւի հասկացել են, որ կարեւորն արդյունքներն են, իսկ մեր ֆուտբոլի հավաքականն այդպես էլ չի կարողանում հաղթահարել նույնիսկ խմբային փուլը, ավելին, այդ ընթացքում հասցրել է սեփական հարկի տակ ՀՀԿ նախագահի ներկայությամբ պարտվել Մալթայի պես հավաքականին։ Ընդ որում, այդ երկրի հավաքականը վերջին յոթ տարում առաջին հաղթանակը տոնեց պաշտոնական խաղերում։ Ինչ վերաբերում է ներկայացված ցուցակներին, ապա, օրինակ, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի ցուցակում ընդգրկված է 22 մարզիկ, հաշվի են առնված բոլոր արդյունքները, ինչն ընտրելու ավելի մեծ հնարավորություն է ընձեռում։

 

 

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՂԹԵՑԻՆՔ, ԲԱՅՑ…

Անթալիայում անցկացվող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում դեկտեմբերի 3-ին կայացան 7-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Թուրքիայի ընտրանուն։ 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ուներ. Ուկրաինա՝ 12, Ռուսաստան՝ 11, Չինաստան՝ 10, Հայաստան, Հոլանդիա եւ ԱՄՆ՝ 8-ական միավոր: Թուրքիան ունի 2 միավոր, իսկ Եգիպտոսն ընդհանրապես միավոր չի վաստակել։ Երեկ կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները։ Հայաստանի հավաքականը մրցեց հոլանդացիների հետ եւ հաղթեց 3,5-0,5 հաշվով:
8-րդ տուրում հանդիպեցին նաեւ հետեւյալ զույգերը՝ Ուկրաինա-Ռուսաստան, Գերմանիա-Չինաստան, Թուրքիա-ԱՄՆ, Եգիպտոս-Ադրբեջան։ Ընդ որում, Ուկրաինա-Ռոսաստան հանդիպման ցանկացած արդյունքի դեպքում Հայաստանի հավաքականի համար նրանցից մեկը դառնում է անհասանելի, այնպես որ, թե՛ տեսականորեն, թե՛ գործնականում մեր ընտրանին կարող է հավակնել, լավագույն դեպքում, մրցանակային տեղի:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս