Գործով իրեղեն ապացույց են ճանաչվել թոշակառուների տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների վերաբերյալ գործի դատական քննությունը:

Նիստին մասնակցում են գործով ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները:

Հիշեցնենք, որ նախկին նիստին հետազոտվեցին գործով 24 փաստաթղթեր:

Նախագահողը հայտնեց, որ իրեղեն ապացույց են ճանաչվել Վազգեն Խաչիկյանի գրառած 90 մլն դրամ պարտավորագիրը, ազգային արխիվից առգրավված թոշակառուների տվյալները, Քանաքեռ-Զայթուն վարչական շրջանի, նախաքննական մարմնի տվյալներով, Արթուր Սուքիասյանի կողմից կեղծված կենսաթոշակառուների ցուցակները, Աշոտ Աբրահամյանի աշխատասենյակից առգրավված նոթատետրերը, Վահագն Խաչատրյանի բնակարանից առգրավված կենսաթոշակառուների կեղծ տվյալներ ներառող սկավառակը:

Նշվածներից դատարանն առաջինն անցավ մեղադրյալ Աշոտ Աբրահամյանի աշխատասենյակից առգրավված նոթատետրերի զննմանը:

Այսպես, տվյալ նոթատետրից գրառված է 5 թերթ, և ևս երկուսը` առանձին թերթիկներով:

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2005թ. հունվարի 14-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 17-ն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օգտվելով ծառայությունը կառավարելու իր լիազորություններից, մասնավորապես՝ այն, որ իր կողմից վերահսկվել է կենսաթոշակառուների կողմից կասեցված կենսաթոշակի վճարումը վերսկսելու վերաբերյալ կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչությանը ներկայացված դիմումների հիման վրա կուտակված կենսաթոշակների գումարները Ծառայության վճարային ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների կողմից վճարելու գործընթացը՝ Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:




Լրահոս