ՖՈՐՊՈՍՏԱՄԻՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ թեժացող կրքերը հերթական անգամ  ցույց են տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանի  պերճանքն ու  Հայաստանի թշվառությունը:
Ինչպես հայտնի է,  ԽՍՀՄ-ից ժառանգած այս կայանն ադրբեջանցիները վարձակալական հիմունքներով  հանձնել էին ռուսների շահագործմանը` դրա համար ստանալով տարեկան 7 միլիոն ԱՄՆ դոլար: Այս տարի վարձակալական պայմանագրի ժամկետն ավարտվում է, եւ կողմերը տեւական ժամանակ է` քննարկում են նոր պայմանագրի պայմանները: Սակայն եթե ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը Գաբալայի համար ռուսներից պահանջում էր վարձավճարի կրկնակի ավելացում` 15 միլիոն դոլարի չափով, ապա «Կոմերսանտ» թերթի հաղորդմամբ, ներկայումս ազերիների ախորժակը շատ ավելի է մեծացել` հասնելով  աստղաբաշխական թվի` 3 հարյուր միլիոն դոլարի: Այս մասին ազերիները հայտնել են մի քանի օր առաջ կայացած բանակցությունների ժամանակ: «Եթե ադրբեջանցիները չսահմանափակեն իրենց ախորժակը, մենք ուղղակի կլքենք Գաբալան»,-«Կոմերսանտ»-ին ասել է բարձրաստիճան ռուս զինվորականներից մեկը: Սակայն դատելով Իրանի շուրջ օրըստօրե սեղմվող ամերիկա-իսրայելական աքցանից, կարելի է ենթադրել, որ ո՛չ ազերիները լրջորեն կսահմանափակեն իրենց ախորժակը, ո՛չ էլ ռուսները կլքեն Գաբալան: Ամենայն հավանականությամբ, երկար չեմուչում անելուց եւ որոշ հարցերում, այդ թվում եւ` Ղարաբաղի հետ կապված,  որոշակի համաձայնությունների հասնելուց հետո,  Ադրբեջանը  կնվազեցնի վարձակալության գինը` ամեն դեպքում, կորզելով նախկինից անհամեմատ շատ վարձավճար: Քանի որ ինչքան էլ ռուսները հայտարարեն, թե իրենց Գաբալան առանձնապես պետք չէ, թե իրենք առանց դրա  կարող են յոլա գնալ, առկա իրավիճակում այլեւս կասկածից դուրս է, որ նրանք ամեն ինչ կանեն կայանի նկատմամբ վերահսկողությունը չկորցնելու համար: Հակառակ դեպքում,   Իրանի դեմ պատերազմական գործողությունների նախապատրաստվող ԱՄՆ-ը մեծ արագությամբ իրենով կանի Գաբալան: Իսկ Ադրբեջանն էլ դժվար թե ցանկանա բացահայտ կերպով  ներգրավվել Իրանի դեմ իրականացվող ռազմական  գործողություններում` հաշվի առնելով այդ երկրում բնակվող բազմամիլիոնանոց ադրբեջանական համայնքը: Ուստի, այդ երկիրը կգերադասի խուսափել ավելորդ գլխացավանքից` հընթացս միլիոնավոր դոլարների  ֆինանսական  եւ լուրջ  քաղաքական շահույթ ստանալով  Ռուսաստանից:
Այս օրինակը լավագույնս ցույց է տալիս, թե  ստեղծված  իրավիճակում որքան կարող էր կարեւորվել  նաեւ Հայաստանի նշանակությունը, եթե մեր իշխանությունների   նախաձեռնողական արտաքին քաղաքականության արդյունքում այդ աստիճան ֆորպոստացած չլինեինք եւ  մեր երկրի ռազմաբազաները  49 տարով չհանձնեինք ռուսներին` դրա դիմաց ոչ թե 3  հարյուր, այլ 3 միլիոն դոլար անգամ չստանալով: Դեռ մի բան էլ`  ռսի ոտը պաչելու ավանդույթի շրջանակներում, մենք ենք վճարում նրանց  կեցության ծախսերը:




Լրահոս