“Հայաստանի հանրապետական կուսակցության” 13-րդ համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է ՀՀԿ նախագահ:”Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է ազատ և պետք է հնարավորություն ունենա ազատ ապրելու և զարգանալու` հետապնդելով իր անձնական, ընտանեկան, հանրային և ազգային նպատակները։ Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական մեկ մակարդակում` մյուս մակարդակի հաշվին: Մարդը չի կարող լինել ազնիվ ու բարոյական իր ընտանիքում` հանրության և ազգի հաշվին: Չի կարող ստեղծել իր անձնական և ընտանեկան երջանկությունը` կողոպտելով և հարստահարելով հանրությանը և ազգին: Եթե մեկը գողանում է հանրությունից ու ազգից, ապա նաև գողանում է անձամբ իրենից և իր ընտանիքից: Մենք հավատում ենք, որ մեր հասարակությունը պետք է զարգանա ազատ մրցակցության պայմաններում: Բայց ազատ մրցակցություն երբեք ու երբեք չի նշանակում մեծ փողի առավելություն և այդ մեծ փողով փոքր մրցակիցներին խեղդելու և կլանելու հնարավորություն”, – ՀՀԿ 13-րդ համագումարում հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս կարևորեց նաև ընտանիքի դերը մեր հասարակույթան մեջ. “Մենք հավատում ենք, որ մեր ազգային գոյությունը երաշխավորող հիմնական և ամենաամուր միջնաբերդը ընտանիքն է. մեր ավանդական և պահպանողական ընտանիքը, որտեղ երիտասարդները հարգում և լսում են ավագին, որի հենասյունն է կինը և մայրը: Սակայն, լսել չի նշանակում լինել մեծերի պարտադրանքի պատանդ, իսկ “ընտանիքի հենասյուն” չի նշանակում խոհանոցի բանտարկյալ”, – նշեց Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ դրա լավագույն ապացույցը ՀՀԿ շարքերում կանանց և երիտասարդների ներգրավման աճն է. “Համեմատելով մեր նախորդ համագումարների հետ` այս դահլիճում ավելի շատ երիտասարդներ են ու կանայք: Եվ մենք ամեն ինչ անելու ենք նրանց մասնակցության ավելացման այս միտումը պահպանելու ու զարգացնելու համար: Մենք համադրելու ենք մեծերի փորձն ու գիտելիքը, երիտասարդների ավյունն ու կորովը և կանանց նվիրումն ու պահպանողականությունը, որպեսզի համատեղ կերտենք նոր Հայաստանը` բոլորի և յուրաքանչյուրի համար”, – ասաց նա: “Մենք հավատում ենք, որ մեր հանրությունը շատ ավելին է, քան մարդկանց մեխանիկական համադրում: Մենք հավատում ենք, որ ազգը շատ ավելին է, քան հասարակական պայմանագրով միավորված ընդհանուր բնութագիր ունեցող մարդիկ: Մենք հավատում ենք, քանի որ այդ հասարակական պայմանագիրը ոչ այդքան տառի վրա է հիմնված և տառով է պայմանավորված, որքան այդ ազգի ոգով”, – ասաց նախագահը:
Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է ՀՀԿ նախագահ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ