Գավառի մանկատնից փախած երեխան կապրի՞ նախկին դատապարտյալ եղբոր հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գավառի մանկատան արդեն նախկին սան 14 Արևշատ Զախարյանը տևական ժամանակ է` ապրում է եղբոր` 25-ամյա Կարենի հետ:

Հիշեցնենք, որ Արևշատը մանկատանը եղած ժամանակ բազմիցս փախուստի է դիմել, ինչպես տնօրեն Նիկոլայ Նալբանդյանն էր հավաստիացնում, Կարենի դրդմամբ և հորդորներով:

Armlur.am-ը տեղեկացավ, որ 14-ամյա երեխան «Երեխաների աջակցության կենտրոնի» և Խնամակալության հանձնաժողովի համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել այնպես անել, որ Արևշատը, եղբոր մոտ մնալով, վտանգի ենթարկված չլինի:

ՀՕՖ-ից մեզ հայտնեցին, որ թե՛ Արևշատի, թե՛ Կարենի հետ աշխատանքներ են տարվել, ապա համոզվել են, որ ճիշտ և նպաստավոր քայլ կլինի, եթե տղաները միասին ապրեն:

«Կարենի հետ հոգեբան և սոցիալական աշխատողներ են զբաղվել, զրուցել: Նրա մոտ ամեն ինչ այս պահին լավ է: Տուն է վարձել, աշխատանք ունի: Եվ հիմա փորձաշրջան են անցնում: Հետագայում ավելի հստակ կարող ենք ասել` նրանք պե՞տք է միասին ապրեն, թե՞ ոչ»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Երեխաների աջակցության կենտրոնի» աշխատակիցը:

Վերջինս, շարունակելով խոսքը, նշեց, որ իրենք ուսումնասիրել են նաև Կարենի ընկերական շրջապատը, համոզվել են, որ այն անվտանգ է, և ընկերները վստահելի մարդիկ են, ինչն էլ պատճառ է հանդիսացել Կարեն Զախարյանին թույլ տալ ապրել անչափահաս եղբոր հետ:

«Ու՞մ հետ չի պատահում, բոլորն էլ կարող են սխալվել և բանտ ընկնել: Բայց դա չի նշանակում, որ մենք էլ պետք է բոլորի պես մեկուսացնենք երեխաներին և իրարից բաժանենք: Փորձաշրջանը կանցնի, կհասկանանք` հետագայում ինչ կլինի»,- նշեց աշխատակիցը:




Լրահոս