ԱՊՊԱ կտրոն չունենալը այսուհետ պետք է բացահայտվի ոչ թե հաշվառման-գրանցման ընթացքում, այլ տեղեկատվական համակարգի միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց “Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին” օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը: Ըստ ներկայացված առաջարկի` ԱՊՊԱ կտրոն չունենալը այսուհետ պետք է բացահայտվի ոչ թե հաշվառման-գրանցման ընթացքում, այլ տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ ԱՊՊԱ կտրոն չներկայացնելու դեպքում պարզապես հաշվառում չի իրականացվի: Գործող օրենքով` յուրաքանչյուր անձ պետք է մշտապես ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) և ՀՀ-ում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր: Ինչպես նաև արգելվում է առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու ավտոտրանսպորտային միջոցների պետական հաշվառում անցկացնելը կամ ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ uեփականության իրավունքի գրանցում իրականացնելը: Իսկ եթե ավտոմեքենան ներկայացվում է հաշվառման առանց ԱՊՊԱ կտրոնի, ապա ոստիկանությունը պետք է հարուցի վարչական վարույթ ու նշանակի տուգանքներ: Սակայն, ըստ ոստիկանության ներկայացրած տեղեկանքի, վարչական պատասխանատվություն ենթարկելու գործընթացը պահանջում է երկար ժամանակ, որը էապես ազդում է ոստիկանական ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա` վերջիններիս ծանրաբեռնելով ավելորդ գործառույթներով: Նշված խնդիրներին իրավական լուծում տալու նպատակով նախատեսվում է “Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին” ՀՀ օրենքով սահմանել այնպիսի դրույթներ, որոնք թույլ կտան վերը նշված ոլորտի իրավախախտումները հայտնաբերել տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ թե տրանսպորտային միջոցի պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ: Արդյունքում՝ տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ ոչ թե իրականացվելու է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ, այլ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում մերժվելու են հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունները:




Լրահոս