ՄԱԴՈՆՆԱՆ
ԱՌԱՋԻՆՆ Է
Փոփ երաժշտության թագուհի Մադոննան Forbes ամսագրի վարկանիշով ճանաչվել է 2013-ին երաժշտական բիզնեսում ամենաբարձր վարձատրվող երգչուհին: Պարբերականի հաշվարկներով` Մադոննան 2012-ի հունիսից մինչեւ 2013-ի հունիս աշխատել է 125 մլն դոլար: Նախորդ տարի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող աստղի եկամտի հիմնական աղբյուրը եղել է նրա MDNA համաշխարհային համերգային շրջագայությունը: Երկրորդ տեղում 80 մլն դոլար վաստակած Լեդի Գագան է, որը երրորդ տարին անընդմեջ հայտնվում է ցուցակի առաջատարների եռյակում: Գագայի եկամտի հիմնական աղբյուրը նույնպես նրա համերգային շրջագայությունն է եղել` Born This Way Ball անվանումով: Երրորդ հորիզոնականում ճանաչված քանթրի կատարող Թեյլոր Սվիֆթն է` 55 մլն դոլար տարեկան եկամտով: Չորրորդ տեղում Բեյոնսեն է, որը 53 մլն դոլար է վաստակել համաշխարհային համերգային շրջագայության շնորհիվ: 2013-ի բարձր վարձատրվող երգչուհիների հնգյակը եզրափակում է Ջենիֆեր Լոպեսը` 45 մլն դոլար եկամտով:
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Այսօր տեղի է ունենալու Հայկական երաժշտական հեռուստաալիքի մրցանակաբաշխությունը: Այն անցկացվում է 8-րդ անգամ: Մրցանակաբաշխության յոթ անվանակարգում` «Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն երգչուհի», «Տարվա լավագույն խումբ», «Տարվա լավագույն կատարում», «Տարվա հիթ», «Տարվա լավագույն տեսահոլովակ», «Տարվա լավագույն համագործակցություն», հաղթողներին ընտրել են երգիչ-երգչուհիները, շոու բիզնեսի անցուդարձին հետեւողները եւ հանրային դեմքերը` բաց քվեարկությամբ: Այս տարի Հայկական երաժշտական հեռուստաալիքի մրցանակաբաշխության հեռուստատեսային քվեարկությանը մասնակցել են հիսունից ավելի հայտնի մարդիկ, իսկ ինտերնետային քվեարկությանը` 7500-ից ավելի մարդ:
ԿԱՐՈՂ ԵՆ ՓԱԿՎԵԼ
Լոնդոնի հայտնի խորհրդանիշները` Վեսթմինսթերյան պալատը եւ Բիգ Բեն աշտարակը, մոտ ապագայում կարող են փակվել: Փորձագետներն ահազանգում են` բրիտանական խորհրդարանի շենքը վերանորոգման կարիք ունի, իսկ Բիգ Բենը սկսում է թեքվել: Խորհրդարանի շենքի առանձին հատվածներ այնպիսի սարսափելի վիճակում են, որ, փորձագետների հաշվարկներով, եթե մինչեւ 2020թ. ոչ մի միջոցառում չձեռնարկվի, այն դժվար թե հաջողվի պահպանել: Նշենք, որ Վեսթմինսթերյան պալատը Մեծ Բրիտանիայի մշակութային ժառանգության ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում: Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչները շուտով պետք է դժվարին ընտրություն կատարեն` 1 մլրդ ֆունտ ստեռլինգ ծախսել վերանորոգման աշխատանքների համար, թե պարզապես լքել շենքը: