ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե ես հասարակությանը ներողամտորեն բացատրեմ, թե ինչու գնացի Ծիծեռնակաբերդ աղոթելու, մարդիկ ինձ նորից կընտրեն»:

Րաֆֆի Հովհաննիսյան Armenia TV

Ի՞նչ բացատրություն կարող է ունենալ ընդդիմադիր շարժումը վիժեցրած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը, ով դեռ հույսեր է փայփայում, թե իրենից վաղուց արդեն հիասթափված ընտրազանգվածը կարող է ներել իրեն եւ անգամ մտածել նորից ընտրվելու մասին: Ժողովրդին գործող, պայքարող առաջնորդներ են պետք, այլ ոչ թե տարին մեկ հայտնվող եւ աղոթող, կամ էլ դատարանների դահլիճում Շանթին նախանձող եւ «խենթ»-ի անվանման ձգտող անհասկանալի գործիչներ: Եվ այսքանից հետո Ր. Հովհաննիսյանը դեռ համարձակություն ունի մտածել քաղաքական ասպարեզում հայտնվելու եւ մարդկանց իր թեկնածության փորձությանը ենթարկելու մասին:

 
«Տիեզերքը տրվել է ինձ, հնարավորություն է տրվել որոշելու, թե ինչ պետք է անել տիեզերքը: Մյուս կողմից՝ ձեզ էլ նվեր է արված, ես եմ ձեզ տրվել»:

Պարույր Հայրիկյան ArmNews TV

Շատ ափսոս, որ ԱԻՄ առաջնորդը եւ էպոսագետ Վ. Սեդրակյանը ժամանակին թշնամացան, բանը հասավ նույնիսկ մահափորձի անհաջող բեմադրության: Ափսոս, քանի որ նրանք հիանալի գործընկերական զույգ կարող էին կազմել եւ միասին նվաճել տիեզերքը: Երկուսն էլ տիեզերքի հետ անմիջական կապի մեջ են, Հայրիկյանը նույնիսկ արդեն տիեզերքի տիրակալ է դարձել, ինքն է որոշում, թե ինչ անի տիեզերքի հետ, միաժամանակ հասարակությանը ներկայանալով որպես նվեր` փաթեթավորված ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի դրոշներով: Իսկ էպոսագետն էլ Փոքր Մհերն էր, որ Ագռավաքարից այդպես էլ դուրս չեկավ, միայն թե «Արթիկ» ՔԿՀ-ն այնքան էլ Ագռավաքար չի հիշեցնում:

 

«Թանկացումից ամենից շատ կտուժեն էլեկտրաէներգիա օգտագործողները»:

Ահարոն Ադիբեկյան Aysor.am

Եթե նման հանճարեղ «հայտնագործություն» անելով կարելի է սոցիոլոգի հռչակ ձեռք բերել, նույնիսկ ասուլիսներ տալ, պատվերներ ստանալ, փող աշխատել, ապա յուրաքանչյուր թիվ նկարել իմացող մարդ էլ կարող է դառնալ հայտնի սոցիոլոգ եւ Ադիբեկյանից շատ ավելի պատվերներ ունենալ, քանի որ առանձնապես խելք եւ գիտելիքներ պետք չէ ունենալ եզրակացնելու, որ էլեկտրաէներգիայի թանկացումից տուժելու են էլեկտրաէներգիա օգտագործողները: Իսկ հետաքրքիր է, ուրիշ ո՞վ պետք է տուժեր, երեւի մեծն սոցիոլոգն այլ տարբերակ է՞լ ունի: Չնայած՝ կարող է սոցիոլոգի այս հայտարարությունից հետո հայտնվեն այլ տուժողներ եւս։

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս