Որդին սպանել է հաշմանդամ հորը, ապա` թել ու ասեղով կարել վնասած մասերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Ուռուտ գյուղի 31-ամյա բնակիչ Վանիկ Ջուլհակյանը, ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), դատապարտվել է 11 տարվա  ազատազրկման հաշմանդամ հորը` Սամվել Ջուլհակյանին սպանելու համար: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի՝ դատավոր Աղասի Մկոյանի նախագահությամբ կայացած դատավճռին որոշվեց ամբաստանյալի նկատմամբ նշանակել հարկադիր բուժում ալկոհոլամոլությունից` ըստ պատիժը կրելու վայրի:

Armlur.am-ը տեղեկանում է, որ սպանությունը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 4-ին: Ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում Վանիկն իրենց տանը միայնակ խմել է 2 շիշ օղի, որից հետո հարբած վիճակում տանը մի քանի ժամ գոռգոռացել է:

Ըստ քրեական գործի նյութերի` նրա մայրը` Մանուշակը, մտավախություն ունենալով, որ որդին այդ վիճակում կարող է իր հետ վիճաբանել և վնաս պատճառել, հեռացել է տանից, իսկ ամուսինը մնացել է տան պատշգամբում` սայլակի մեջ նստած: Այդ ընթացքում Վանիկը  կենցաղային հողի վրա վեճի է բռնվել նրա հետ և տան խոհանոցից վերցրած խոհանոցային դանակով հարվածել սայլակի մեջ նստած հոր` Սամվելի կրծքավանդակի աջ կեսի շրջանին՝ պատճառելով  նրան ծակած-կտրած, թափանցող վերք, աջ թոքի վերին բլթի վնասումով, աջակողմյան հեմոպնևմոթորաքս: Այնուհետև տեսնելով, որ հորը հասցված վնասվածքից արյուն է հոսում, Վանիկը նրան տարել պառկեցրել է անկողնում, վերցնել թել ու ասեղ, արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարել է  իր կողմից հորը պատճառած վնասվածքը, սակայն վերջինս ստացած մարմնական վնասվածքից շուրջ 15 րոպեի ընթացքում մահացել է:

Տեսնելով դա` Վանիկը խոհանոցից վերցրած մեկ այլ խոհանոցային դանակով իր նախաբազուկների շրջաններում կատարել է ինքնավնասումներ, ապա շարունակել ոգելից խմիչքներ օգտագործել:

Առաջադրված մեղադրանքում Վանիկը դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել` հայտարարելով, որ ինքը հորը չի հարվածել և չի սպանել: Ամբաստանյալը նշել է, որ շուրջ 4 տարի առաջ տարած ինսուլտի հետևանքով հոր մարմնի ձախ կողմը թուլացել է,  իսկ 2012 թվականին ամպուտացվել է հոր ձախ ոտքը, որից հետո վերջինս դարձել է անկողնային հիվանդ և տեղաշարժվել է սայլակով:

Միաժամանակ  ամբաստանյալը հայտնել է, որ դուրս գալով պատշգամբ՝ հորը  հայտնաբերել է պատշգամբում սայլակի մեջ նստած` կրծքավանդակի շրջանը ամբողջությամբ արյունոտված վիճակում: Ենթադրել է, որ հայրն է ինքն իրեն դանակով հարվածել, որ իր «գլխին սարքի», քանի որ ամպուտացված ոտքի պատճառով չի կարողացել իրեն ծեծել և անճարությունից դիմել է այդ քայլին:

Հորը սայլակից տեղափոխել է անկողին, այնուհետև տան դարակից վերցնելով ասեղ և թել, արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կարել է հոր կրծքավանդակի վերևի աջ կողմում առկա վնասվածքը: Նշել է, որ վնասվածքը կարել է հորը վնասված վիճակում հայտնաբերելուց շուրջ 1 ժամ անց:

Վանիկի խոսքերով` հոր վնասվածքը կարելու ժամանակ հայրը շարժվել է, բայց չի արձագանքել: Վնասվածքը կարելուց հետո տեսնելով, որ հայրը այլևս չի շարժվում, գնացել է խոհանոց և խոհանոցային դանակով դաստակների շրջանում կատարել ինքնավնասումներ, որպեսզի հանգստանա:

Մինչդեռ  նախաքննության ընթացքում դեպքի հաջորդ օրը, 2013 թվականի սեպտեմբերի 5-ին, որպես կասկածյալ հարցաքննվելու ժամանակ, Վանիկը խոստովանական ցուցմունք է տվել և նշել, որ 2013 թվականի սեպտեմբերի 4-ին ժամը 19:00-20:00-ի սահմաններում տանը միայնակ օգտագործել է 3-4 շիշ օղի, որից հետո չի հիշում` ինչ պատճառով է սկսել վիճաբանել տանը միայնակ գտնվող հաշմանդամ հոր հետ: Վիճաբանության ժամանակ տան խոհանոցից վերցրել է սպիտակ գույնի խոհանոցային դանակը և հարվածել հորը:

Նշել է, որ խմածության պատճառով չի հասկացել, թե ինչ է կատարում, չի հիշում` կոնկրետ ինչպես և ինչ պատճառով է դանակով հարվածել հորը: Այնուհետև տեսնելով, որ հոր կրծքավանդակի վերևի շրջանի վնասվածքից արյուն է հոսում, արյունահոսությունը դադարեցնելու նպատակով տանից վերցրած թելած ասեղով կարել է այդ վնասվածքը: Նշել է, որ դանակը, որով հարվածել է հորը, գցել է տանը, սակայն կոնկրետ վայրը չի հիշում:

Իսկ 2013 թվականի սեպտեմբերի 7-ին, որպես մեղադրյալ հարցաքննվելու ժամանակ, Վանիկն արդեն փոխել է ցուցմունքը և նշել, որ  դեպքի օրը հայրն է ինքն իրեն դանակով հարվածել, որ իր «գլխին սարքի», քանի որ ամպուտացված ոտքի պատճառով չի կարողացել իրեն ծեծել և անճարությունից դիմել է այդ քայլին:

Սակայն 2013 թվականի դեկտեմբերի 24-ին, ծանոթանալով գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը` ըստ  որի տուժածի  առողջական վիճակից ելնելով բացառվում է առկա կտրած-ծակած վնասվածքի պատճառումը հենց իր կողմից` ինքն իրեն, Վանիկը հրաժարվել է այլևս ցուցմունքներ տալուց և հարցերի պատասխանելուց:

Դատարանը արժանահավատ է համարել նրա` որպես կասկածյալի հարցաքննության ժամանակ տրված ինքնախոստովանական ցուցմունքը, որն էլ համապատասխանում է գործի փաստական հանգամանքներին:

Ամբաստանյալի մայրը` գործով տուժողի իրավահաջորդ Մանուշակ Ջուլհակյանը, դատաքննության ժամանակ «ենթադրել է», որ ամուսինն է իրեն դանակով հարվածել:  Մինչդեռ նախաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդը հայտնել է, որ  հայտնաբերելով ամուսնուն  անկողնում պառկած` արյունոտ, մահացած վիճակում,  հասկացել է, որ որդին է դանակով հարվածել և սպանել նրան:

Ի դեպ,  2013 թվականի նոյեմբերի 14-ի դատաբժշկական փորձաքննության և լրացուցիչ եզրակացություններով հաստատվել է, որ դատելով հոր մարմնական վնասվածքի առանձնահատկությունից` վնասող ուժը եղել է ուժգին, շեշտակի, քանզի հաղթահարվել է մաշկի, ենթամաշկային փափուկ հյուսվածքների, միջկողային մկանի, թոքահյուսվածքի դիմադրությունները:

Փորձագետները  բացառել են, որ  առկա վնասվածքը պատճառված լիներ Սամվելի կողմից ինքն իրեն, քանի որ աջ ձեռքով չէր կարող վնասվածքը պատճառել` նկատի ունենալով վնասվածքի տեղակայումը, իսկ ձախ ձեռքով չէր կարող նման  վնասվածքի պատճառումը` նկատի ունենալով «Գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, հեմոռագիկ ինսուլտ գլխուղեղի աջ կիսագնդում բարդացած ձախակողմյան արտահայտված հեմիպարեզով» վիճակի հետ կապված ձախ վերին վերջույթի ֆունկցիայի կորուստը:

Վանիկ Ջուլհակյանն իր պատիժը կրում է ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» ՔԿՀ-ում:

Տաթև Հարությունյան




Լրահոս