Հանրապետական կուսակցության գրասենյակ երեկ մուտք գործելու իրավունք ունեին միայն հավատարմագրված լրագրողները: Հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչները ստիպված էին դրսում սպասել:
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հարեւան սենյակում կուսակցական տոմսեր էր հանձնում արվեստի, մամուլի ներկայացուցիչներին, պատգամավորներին եւ նախարարներին: Հետաքրքիր էր, որ այդ պատասխանատու գործընթացին նույնիսկ հավատարմագրված լրագրողներին ներս չեն թողել: Նրանք մյուս սենյակում սպասում էին:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ուրախ էր, որ այսուհետ Սերժ Սարգսյանի հետ շփվելու է ոչ թե որպես նախարարը նախագահի, այլ որպես կուսակիցը կուսակցության նախագահի հետ: Նա տարիներ առաջ իրեն պայմանականորեն երկու մասի էր բաժանել` Թովմասյան իրավագետ-փորձագետ եւ Թովմասյան քաղաքական գործիչ: «Թերեւս ուրախ եմ, որ հաղթեց երկրորդը, կփորձեմ արդարացնել»,-ասաց նա: Իսկ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը «ցնցված» էր գործընկերոջ խոսքերից եւ ավելացնելու բան չուներ:
Երգչուհի Շուշան Պետրոսյանը մաքրամաքուր Հայաստան է ուզում, դրա համար դարձավ հանրապետական: «Ուզում եմ իմ երեխաները կարգին երկրում ապրեն, ես գաղափարախոսությունն եմ ընդունում, որ հանուն է, ոչ թե ընդդեմի»,-ասաց Շուշանը, ով Գարեգին Նժդեհին պաշտում է:
Մեր գործընկեր, «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը հանրապետական դառնալու որոշումը դժվարությամբ է ընտրել: «Ես երբեք այլ կուսակցության անդամ չեմ եղել: Մտածեցի` եթե կյանքիս առաջին մասն անկուսակցական եմ եղել, որոշեցի մյուս մասն ապրել որպես կուսակցական: Ընտրությունը բնական կհամարեն բոլորը, որովհետեւ երկար տարիներ աշխատել եմ կուսակցության հետ, կուսակցության նախագահի հետ, ես հավատում եմ բոլոր այն բաներին, որ ասում է այս կուսակցությունը»,-ասաց Մարգարիտը:
Հետաքրքիր է, որ նոր ընդունված կուսակիցները չխոսեցին համամասնական ցուցակում իրենց ընդգրկվելու մասին: Տեղյակ չենք` սա էր պատասխանը:
Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, «Արմենիա» հեռուստաընկերության պրոդյուսեր Վահե Ղազարյանն ու հեռուստաընկերության խմբագիր Գագիկ Մկրտչյանը, «Շանթ» հեռուստաընկերության պրոդյուսեր, նախկին KBN-շիկ Կարեն Ղազարյանը («Մեր բակ»-ի նավսը փոշեծծված է»), ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը եւ այլոք նույնպես դարձան հանրապետական:
Այսպիսով՝ մինչ լրատվության ոլորտի ներկայացուցիչները ՀՀԿ նախագահից ստանում էին կրծքանշանն ու շնորհավորանքները, դրսում Մհեր Սեդրակյանը թիկնապահներով հարձակվել էր «ՀԺ»-ի լրագրողների վրա, որի մասին լրատվամիջոցները երեկ լռում էին: Էլ ո՞նց հավատանք:
ԴԱՐՁԱՆ ՀՀԿ-ԱԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ