ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում ՀՅԴ, ԲՀԿ եւ ՀԱԿ խմբակցությունների ղեկավարները խորհրդակցություն էին հրավիրել՝ քննարկելու գազային համաձայնագրերի ընդունումից հետո իրենց հետագա քայլերն ու մշակելու գործողությունների նոր ծրագիր: Մի քանի ժամ շարունակ նրանք փակ դռների հետեւում քննարկումներ ունեցան:

Քննարկումներից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Ես կարծում եմ, որ այսօր մենք ունեցանք շատ արդյունավետ խորհրդակցություն՝ կապված մեր հետագա քայլերը համաձայնեցնելու խնդրի հետ, եւ մենք որոշեցինք, որ, բնականաբար, մեր՝ ՍԴ դիմելու օրակարգը պահպանվում է, բայց կան քայլեր, որոնք մենք այսօր կարող ենք ԱԺ-ի մեր լիազորությունների շրջանակներում իրականացնել եւ նախապատրաստել այդ հետագա ընթացքը»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ, անդրադառնալով ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի այն պնդումներին, թե քվեարկությունն օրինական է եղել, նշեց. «Այսպիսի ավանդույթ է ձեւավորվել. երբ որ իշխանությունը նեղն է ընկնում, դիմում են իրենց միջի եզակի ինտելեկտուալներից մեկին, որովհետեւ Դավիթ Հարությունյանը հայտնի է որպես մանիպուլյատոր եւ փորձում է բառախաղերով, խառնելով իրար բոլոր հոդվածները, փրկել կատարված անօրինականության դեմքը: Չի հաջողվելու, ես շատ բարձր եմ գնահատում մանիպուլյացիա անելու Հարությունյանի բացառիկ ունակությունը, բայց կա հստակ օրենք, կա ՀՀ Սահմանադրություն, կա ՍԴ-ի մասին օրենք, կա ԱԺ-ի գործունեությունը կարգավորող օրենք, այն է` ԱԺ կանոնակարգ օրենքը, որը խախտվել է»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց. «Ակնհայտ է, որ նման համաձայնագրի վավերացումն ուղղակի հարված է Հայաստանի ինքնիշխանությանը, ընդհանրապես հակասում է Հայաստանի Սահմանադրությանը եւ օրենքներին»:
Իսկ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը երեկ հայտարարել է, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի չորս անդամները` Լյուդմիլա Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը, Տիգրան Ուրիխանյանը, Թեւան Պողոսյանը, դիմում են հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանին` տեղեկացնելով, որ դեկտեմբերի 26-ին` ժամը 15-ին, հրավիրում են հանձնաժողովի արտահերթ նիստ: Պատգամավորը նշել է նաեւ, որ եթե անգամ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը չմասնակցի, իրենք 4-ով իրավասու են անցկացնել նիստը:
Երեկ Ս. Ավետիսյանը, ի պատասխան քվեարկության անօրինական լինելու մասին հայտարարություններին, ասաց. «Ինձ համար անհասկանալի է, որ փորձում են անվավեր ճանաչել: Երբ որ 72 պատգամավոր քվեարկել է, ո՞վ իրավունք ունի անվավեր ճանաչելու դա, ոչ մեկ: Հաշվիչ հանձնաժողովին հանձնարարվել է հաշվել բանավոր քվեարկության արդյունքները, իսկ դա չի նշանակում, որ պետք է նիստ լինի, ես ասում եմ, ինչ ասում եմ, մնացածն իրենց գործն է»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ հանձնաժողովի 4 անդամներն անվստահություն հայտնելու միջոցով պաշտոնանկ անեն Ս. Ավետիսյանին եւ նրա փոխարեն ընտրեն նոր մարդու: Ս. Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով հանձնաժողովի անդամների հայտարարությունը, ասաց. «Էդ մանկապարտեզի խաղերի ժամանակը վաղուց անցել է: Եթե իրենք մանկապարտեզի տարիքի են, իրենց պրոբլեմն է»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս