ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ԱՄԱՆՈՐԻՆ
Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթին: Ամանորի գիշերը՝ Առաջին ալիքի տոնական եթերի ընթացքում, կհայտարարեն մասնակցի անունը, ում արդեն ընտրել են ներքին քվեարկության արդյունքում, իսկ «Եվրատեսիլ» մրցույթին ներկայացվելիք երգը կընտրվի փետրվարին: 2014-ին մրցույթը կկրի «Միացի՛ր մեզ» («Join Us») խորագիրը՝ կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ եվրոպական սիրված մրցույթին: Այս տարվա մրցույթի խորհրդանիշն ադամանդն է, որը, ինչպես համաեվրոպական մրցույթը, իր մեջ մեծ ուժ եւ էներգիա է պարունակում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մարտի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մարտի 10-ին: Հիշեցնենք, որ հաջորդ տարի միջազգային երգի մրցույթն անցկացվելու է Կոպենհագենում:
ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Երեկ՝ կեսգիշերին, ավտովթարի է ենթարկվել երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Պատահարը տեղի է ունեցել Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ. իրար են բախվել Toyota եւ Reno մակնիշի ավտոմեքենաները: Reno մակնիշի տաքսիի ուղեւորը եղել է Շուշան Պետրոսյանը: Նա վթարի հետեւանքով ստացել է գանգուղեղային վնասվածք: Այժմ երգչուհու առողջական վիճակը գնահատվում է կայուն, բայց անվտանգության նկատառումներից ելնելով` դեռ որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության ներքո: Վթարի հետեւանքով Toyota-ի վարորդն ու 2 ուղեւորը եւս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
ԱՄԱՌԱՆՈՑ՝ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ
Ռուսական էստրադայի 59-ամյա աստղ Լայմա Վայկուլեն Ամանորից առաջ արտասովոր նվեր է ստացել իր մտերիմներից: Երգչուհուն անակնկալ են մատուցել` նվիրելով հողատարածք Լուսնի վրա: «Ամանորից առաջ ինձ նվիրեցին հողատարածքի սերտիֆիկատ, որը գտնվում է Լուսնի վրա: Իմ կարծիքով՝ սա շատ ինքնատիպ նվեր է: Իսկ ինչո՞ւ ոչ: Իմ կարծիքով՝ Լուսնի վրա կարելի է ամառանոց կառուցել: Իհարկե, հիմա իմ գլխավոր ցանկությունն այլ է. ուզում եմ, որ շուրջս բոլորն առողջ լինեն»,-ասել է Լայման: «Բոլորն» ասելով՝ երգչուհին նկատի ունի նաեւ իր սիրելիին՝ Տիկնիկ անունով ամերիկյան բուլդոգին: Այս տարի շունը մի քանի բարդ վիրահատություն է տարել եւ հիմա ուժերն է վերականգնում: