1980 թվականի հուլիսի 25-ին իր մահկանացուն է կնքել ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Սեմյոնովիչ Վիսոցկին, ով մեծ հետք է թողել ռուսական մշակույթում:
Չնայած որ անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից, Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում։
Երգահանը ծնվել է 1938թ. հունվարի 25-ին Մոսկվայում։ Մանկությունը մոր հետ անց է կացրել տարհանման մեջ՝ Ուրալում։ Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա՝ Մոսկվայում։ Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում։ Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք։
Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում, այդ թվում՝ Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերում։ 1964 թվականից Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան է եղել։ Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև՝ արձակ գործերի։
1970-ին համերգներ է ունեցել Հայաստանում։
Ամուսնացած է եղել Մարինա Վլադիի հետ։