ԱՐՁԱԿՈՒՐԴ` «ԳԵՐԱԶԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ» ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ «Դեմ եմ» շարժման անդամները վայելում են իրենց արձակուրդը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից մեկին՝ «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկելով կուտակային համակարգի կյանքի կոչման ընթացքը, Հովիկ Աբրահամյանը հայտարարել է. «Այս երկու-երեք ամսվա ընթացքում նոր կառավարությունը բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մենք քաղաքական կամք ենք դրսեւորելու՝ բարեփոխումը մինչեւ վերջ իրականացնելու համար»: Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ այս պահին համակարգին պարտադիր կմասնակցեն պետական հատվածի աշխատակիցները, իսկ 3 տարի անց այն արդեն պարտադիր կլինի բոլորի համար: Այսպիսով` պարտադիր, բայց ոչ պարտադրված լեզվական աճպարարության կարիքն այլեւս չկա: Իսկ «Դեմ եմ» -ի եւ Քառյակի անդամներն ուղարկված են արձակուրդի` «գերազանց աշխատանքի» համար:

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 10-ին Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներից մեկի կողմից սպանված մայոր Սարգիս Աբրահամյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Արիության շքանշան»-ով: Մեր տեղեկություններով՝ Ս. Օհանյանն անձամբ է մասնակցել սպայի հոգեհանգստին: ՊՆ կողմից ամեն ինչ արվել է` Սարգիս Աբրահամյանի հուղարկավորությունը զինվորականին վայել ձեւով կազմակերպելու համար: Նշենք, որ Ս. Աբրահամյանը ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի մորաքրոջ տղան է:

 

Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով լայն թափ ստացած Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը նոր փուլ է մտնում: ԱՄՆ-ն իր հերթին, ԵՄ-ն իր հերթին որոշել են ընդլայնել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ցանկը: Նախօրեին ԱՄՆ-ը փակել է ռուսական մի շարք էներգետիկ ընկերությունների ու բանկերի մուտքն ամերիկյան ֆինանսական շուկաներ: Նկատենք, որ այս պատժամիջոցներն անխուսափելիորեն կանդրադառնան նաեւ Հայաստանի տնտեսության վրա, հատկապես որ` ԱՄՆ-ի «սեւ ցուցակում» են հայտնվել «Ռոսնեֆտ»-ը եւ «Գազպրոմբանկ»-ը, որոնք գործում են նաեւ Հայաստանում: Ի դեպ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւս ասել է, թե ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները բացասական ազդեցություն կարող են ունենալ նաեւ Հայաստանի վրա:

 

Շատերը կհիշեն 2012թ. Հայաստան բերված երկու գերթանկարժեք բիոզուգարանների հայտնի պատմությունը, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը լայն ժպիտով հայտարարեց, թե զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով ՀՀ պետբյուջեից 124 մլն դրամով ձեռքբերված բիոզուգարանները շուտով կփակեն ծախսերը` 200 դրամ մուտքավճարների հաշվին: Հիշեցնենք, որ էլիտար բիոզուգարաններից մեկը տեղադրված է «Տաթեւեր» ճոպանուղու տարածքում, իսկ մյուսը՝ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ, եւ 2-ն էլ թեկուզ մեկ օր չեն աշխատել: Այս պատմության խայտառակ վերջաբանն էլ այն է, որ, ինչպես երեկ տեղեկացավ «Ժողովուրդ»-ը՝ «Տաթեւեր» ճոպանուղու մոտ բիոզուգարանին կից կառուցվում է սովորական հասարակական զուգարան: Իսկ պետբյուջեի միլիոնները քամուն տված բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց:




Լրահոս