ԿՈՉԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական երփներանգ ներկապնակում գոյություն ունի նաեւ բավականին հավակնոտ անունով մի քաղաքական միավոր` «Համերաշխություն» կուսակցությունը, որն ամեն ինչում «համերաշխություն է փնտրում»` նրանք անգամ ԱԼՄ-ի հանդեպ են «համերաշխ» եղել եւ հրապարակավ կոչ են արել` վերանայել կայացրած որոշումը:«Համերաշխություն» կուսակցության համակարգող Սարգիս Ավետիսյանին հանդիպեցինք կուսակցության գրասենյակում: Նա շատ պաշտոնական տրամադրվածությամբ դիմավորեց մեզ իր աշխատասենյակում` նախ ցուցադրելով իրենց կուսակցության տարիների  ընթացքում կատարած աշխատանքի յուրաքանչյուր պահ` լուսանկարների միջոցով: Մաշտոցի 50/4 հասցեում գտնվող կուսակցության գրասենյակն աչքի ընկավ իր շքեղությամբ. կահույքն ու աշխատասենյակները նորաոճ ու հարմարավետ էին: Բայց կուսակցության ղեկավարն ասաց, թե «Կուսակցությունը պահվում է նվիրատվությունների  միջոցով, մեր անդամների  օգնությամբ: Մեր խնդիրը նա է, որպեսզի մեր գաղափարներին մարդիկ ծանոթանան: Մենք Հայաստանում միակ սոլիդարիստական կուսակցությունն ենք»,- բացահայտեց Ս. Ավետիսյանը` տեղեկացնելով, որ իրենք 4500-ից ավելի անդամ ունեն: Եվ քանի որ մեծ հոսք ունեն, 2003-ից ձեւավորված կուսակցությունը 2007-ին որոշում է կայացրել անցնել դեպի շարժման դաշտ, քանի որ 21-րդ դարն  ավելի շատ շարժման դարաշրջան է:«Համերաշխությունը» հաստատ որոշել է մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին, միայն թե դեռեւս հաստատ որոշված չէ` միայնա՞կ, թե՞ դաշինքով: Պարզ չէ նաեւ, թե քաղաքական ո՞ր բեւեռում է գտնվում կուսակցությունը, քանի որ կուսակցության նախագահը կարծում է, որ «Համերաշխության» գաղափարախոսությունը չի կարա լինի ընդդիմադիր կամ դիմադիր, դա սոլիդարիզմն է, իսկ  ինքն իրանով համերաշխությունն է որպես կենտրոնամետ գաղափարախոսություն, որը նպաստում է հասարակության երկու բեւեռների մոտեցմանը` եւ լիբերալների, եւ սոցիալիստների»: Կուսակցության նախագահը պատմեց, երբ մեր պետական պաշտոնյաները հետաքրքրվել են «Համերաշխության» գաղափարախոսության իմաստով. «Ես միանգամից հարցնում եմ` ձեր ընտանիքներում ի՞նչ եք ուզում լինի` համերաշխություն, թե՞ դեմոկրատիա, միանգամից ասում են` համերաշխություն, դե ես էլ ասում եմ, մեր նպատակն էլ հենց էտ ա` մեր պետությունում համերաշխության գաղափարախոսությունը տարածելը»:  «Համերաշխություն» կուսակցության համակարգող Սարգիս Ավետիսյանի խոսքերով` իրենք մեծ գործունեություն են ծավալել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ նրա սահմաններից դուրս: Եւ ամեն հրատապ հարց, որը վերաբերում է Հայաստանին ու խաթարում է երկրի համերաշխությանը, անպայման լինում են հայտարարություններ եւ կոչեր այդ ամենի կապակցությամբ: ՍՈՆԱ  ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս