Ինչպես արդեն տեղյակ են երաժշտասերները, Ամանորի գիշերը Հանրային հեռուստաընկերությամբ ազդարարվեց այն մասնակցի անունը, ով այս տարի Հայաստանը ներկայացնելու է Դանիայի Կոպենհագեն քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2014» երաժշտական մրցույթին: Այդ մասնակիցն Արամ Mp3-ն է, սակայն դեռեւս ընտրված չէ երգը, որը նա պետք է կատարի:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ ընթանում է երգերի հավաքագրման փուլը: Ըստ ամենայնի` այն կավարտվի մինչեւ հունվարի վերջը: Գասպարյանի հավաստմամբ` ընտրվելու է այնպիսի երգ, որը հարազատ կլինի Արամի ոճին: Մեր կողմից նկատենք` անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ միշտ չէ, երբ հայտնի մարդու գրած որակյալ երգը կարող է հաջողության հասնել «Եվրատեսիլ»-ում: 2013-ին Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանի կատարած «Lonely Planet» երգը, որի երաժշտության հեղինակը բրիտանացի լեգենդար ռոք երաժիշտ, «Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմին է, բարձր տեղ չզբաղեցրեց՝ չնայած Գոռի պրոֆեսիոնալիզմին եւ հրաշալի կատարմանը:
Մինչ մեզ մոտ երգչի ընտրության հարցում ամեն ինչ խաղաղ է (ի տարբերություն նախորդ տարիների), այսինքն՝ պարզապես Հանրայինը որոշել է, թե ով է գնալու Դանիա, Բելառուսի նախընտրական փուլի մասնակիցները` R’n’B երգիչ Մաքս Լորենսը եւ կիթառահար Դիդյուլյան նամակ են գրել երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պահանջելով չեղյալ համարել քվեարկության արդյունքները: Զուգերգով հանդես եկող երգիչն ու կիթառահարը բողոքում են ընտրության արդյունքներից, քանի որ, ըստ իրենց, քվեարկության արդյունքում հենց իրենք են հաղթել` ստանալով 8746 ձայն: Մինչդեռ հաղթող է հայտարարվել երգիչ Թեոն, որը 5088 ձայն է հավաքել: Նրանք մեղադրում են 8-հոգանոց փորձագիտական ժյուրիին, որն ընդունել է վերջնական որոշումը: Նամակի հեղինակները նաեւ նշում են, որ մրցույթի կազմակերպիչները մի շարք կոպիտ խախտումներ են թույլ տվել, ուստի խնդրում են Լուկաշենկոյին վերանայել նախընտրական մրցույթի արդյունքները եւ «Եվրատեսիլ-2014»-ում Բելառուսը ներկայացնելու իրավունքը տալ իրենց: Փաստորեն, այս հարցում էլ Բատկայի որոշումն է լինելու ճակատագրական:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ