Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Վենսի գրուպ» շինարարական ընկերության տարածաշրջանային օպերատիվ տնօրեն Ժան-Լյուկ Բրիալի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա էր նաեւ ընկերության հայազգի ներկայացուցիչ Ռոժե Տեր-Մեսրոպյանը: Զրուցակիցները քննարկել են քաղաքացիական շինարարության ոլորտում (խմելու ջրի մաքրման կայանների ստեղծում եւ վերականգնում, ոռոգման համակարգերի կառուցում կամ վերականգնում) համագործակցության հեռանկարները եւ կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Ժան-Լյուկ Բրիալը Հայաստանի վարչապետին է ներկայացրել «Վենսի գրուպ» ընկերության գործունեությունը՝ նշելով, որ կազմակերպությունը Ֆրանսիայի՝ Զարգացող երկրների պահուստի (ԶԵՊ) ֆինանսավորմամբ ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում: Պարոն Բրիալը տեղեկացրել է, որ ԶԵՊ-ի կողմից 2000 թվականից առ այսօր ֆինանսավորվել է 20-ից ավելի զարգացող երկրների ենթակառուցվածքների զարգացման 83 ծրագիր՝ ընդհանուր 3.5 մլրդ եվրո արժողությամբ:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան եւ ՀՀ կառավարության անունից ընկերության հետ արդյունավետ համագործակցություն ծավալելու պատրաստակամություն հայտնել: