“Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի պայքարը չի սահմանափակվելու միայն քարոզարշավով և խորհրդարանական ընտրություններով: Այս մասին քիչ առաջ հանրահավաքի ժամանակ հայտարարեց “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: “Շուտով պաշտոնապես կմեկնարկի քարոզարշավը, մեկ ամսից՝ խորհրդարանական ընտրությունները: Բայց դրանով մեր պայքարը չի վերջանում. մենք նպատակ ունենք համակարգային լուրջ փոփոխությունների, որը մեզ կբերի հաղթանակ”,-ասաց Սարգսյանը: Շարունակելով, նա նշեց, որ այս անգամ ցանկություն չունի ո՛չ վերլուծելու, ո՛չ քննադատելու, ո՛չ էլ մեղադրելու, այլ միայն հետևյալ կերպ արտահայտեց իր մտքերը. “Հազար մղոն ճանապարհն էլ սկսվում է առաջին քայլից և հազար մղոնն էլ վերջ ունի. գնացողը իրեն նպատակ է դարձնում ընթացքը, մենք դրանցից չենք: Ոմանք նպատակ են դարձնում ինչպես և ում հետ գնալը, դա մեր դեպքը չէ, հաղթականն է մեր ելքը”,- նշեց նա և ավելացրեց, որ այդ իսկ պատճառով ՀԱԿ-ը խնդիր չունի այսօրվա քաղաքական դասավորությունների մեջ ելք գտնելու:”Այս մեծ պահքի օրերին Աստված օրհնի և օգնի մեզ՝ մեր բարի ցանկությունները իր կատար ածելու համար: Բարի գարուն քեզ, սիրելի ժողովուրդ”,- եզրափակեց Արամ Սարգսյանը:
ՀԱԿ-ի պայքարը չի սահմանափակվելու քարոզարշավով.Արամ Սարգսյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ