«ՊԵՏՔ Է ՊՆԴԵԼ, ՈՐ Լ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻ Է»
Հուլիսի 25-ին հայտնի դարձավ, որ գործարար Լեւոն Հայրապետյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռքբերված միջոցների լվացում) հոդվածներով: Գործարարի մտերիմները, սակայն, առավել մտահոգված են ոչ այնքան նրա դեմ առաջադրված մեղադրանքներով, որքան գործարարի` օրեցօր վատթարացող առողջական վիճակով:
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Լեւոն Հայրապետյանը 2009 թվականի ապրիլին Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրթազ Ռահիմովի որդու՝ Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ» ընկերությունը «Սիստեմա ԱՖԿ»-ին վաճառելու գործում հանդես է եկել որպես գործակալ ու որպես փոխհատուցում ստացել է 50 մլն ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում կալանքի տակ է դրվել նաեւ «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, որի արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին:
Երեկ էլ Artsakh today-ը տեղեկացրեց, որ հուլիսի 26-ին, կտրուկ վատացել է Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Այդ մասին պարբերականին հայտնել է Լեւոն Հայրապետյանի ընկեր Արամայիս Օգանյանը. «Լեւոնը հոգեբանորեն ճնշված վիճակում է, եւ դա բացասական է անդրադառնում նրա ինքազգացողության վրա»,- հայտարարել է Օգանյանը: Հավելենք, որ ի պաշտպանություն հայ գործարարի՝ հուլիսի 31-ին Երեւանում տեղի կունենա երթ, որի մասնակիցները Ազատության հրապարակից կշարժվեն դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ապա` Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:
Արցախում բարեգործական մեծ ծրագրեր իրականացրած գործարարի կալանավորման կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հետ` պարզելու` արդյո՞ք նա պատրաստվում է Լեւոն Հայրապետյանին ազատ արձակելու կոչով նամակ գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Բալայանը, հիշեցնենք, նախկինում տարբեր առիթներով բաց նամակներով դիմել է ՌԴ ղեկավարներին: Վ. Պուտինին ուղղված վերջին բաց նամակը նա գրեց անցած աշնանը, որում հիշատակելով Գյուլիստանի պայմանագիրը` ՌԴ նախագահին կոչ արեց «տիրություն անել» Արցախին:
-Պարոն Բալայան, Լեւոն Հայրապետյանի դեմ արդեն քրեական գործ է հարուցվել, Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել հայազգի բարերարին օգնելու համար:
-Մենք մինչեւ վերջ պետք է պնդենք, որ նրա տեղը փոխեն ու տանեն համապատասխան կլինիկա, նա չի ապրելու… ես գիտեմ նրա բոլոր ախտորոշումները ու այժմ մեր խնդիրը դա է: Դա շատ վտանգավոր է ու իսկապես այժմ պետք է միայն այդ ուղղությամբ աշխատել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի անպայման տեղափոխեն համապատասխան կլինիկա: Լեւոն Հայրապետյանը 12 ախտորոշում ունի, մեկը մյուսից բարդ, սա է կարեւորը:
-Բայց կարծես թե Լ. Հայրապետյանի առողջական վիճակը չի հուզում ՌԴ իրավապահներին, եւ գործարարի առողջության հետ կապված բոլոր մտահոգություններն ու կոչերն անհետեւանք են մնում:
-Դե, պետք է ամեն ինչ անենք, որ լսեն: Ժամանակին լսել են, հիմա էլ պետք է լսեն: Այստեղ ուրիշ հարց չկա, ասել՝ ինքը հանցագործ է, հանցագործ չէ, դա հիմա ոչ մի կոպեկ չարժի, եթե նա չի կարողանալու դատարանում պայքարել ինքն իր համար, ոչ ոք չի կարողանալու դա անել, բայց նա կարող է` մինչեւ սեպտեմբերի 15-ը չքաշի, սա է կարեւորը: Ես այդ մասին արդեն հոդված եմ գրել, օրինակներ եմ ներկայացրել, որ շատ հաճախ ղեկավարներն… իրենց երկրների դիմում են, որպեսզի ըստ օրենքի նույնիսկ բարոյական… տեղափոխեն համապատասխան բժիշկների հսկողության ներքո:
-Պարոն Բալայան, Դուք տարբեր առիթներով բաց նամակներով դիմել եք ՌԴ նախագահներին, վերջերս էլ գրել էիք Վլադիմիր Պուտինին` ԼՂ խնդրի կապակցությամբ: Հնարավո՞ր է նման մի նամակով կրկին հանդես գաք ու ՌԴ նախագահին կոչ անենք Լ. Հայրապետյանին տեղափոխել բժիշկների վերահսկողության տակ կամ ազատ արձակել:
-Իմ գրած նամակում ես նշում եմ, որ ՌԴ նախագահը պայքարում է երկակի ստանդարտների համար, որովհետեւ տվյալ դեպքում կա մի օրինակ` դա Ռոման Սելեզնյովն է, ով նստած է ԱՄՆ-ում, անընդհատ դիմում են, որ նա հիվանդ է ու նրան պետք է անպայման տեղափոխեն համապատասխան կլինիկա: Նույն բանը պարոն Վլադիմիր Վլադիմիրովիչը պետք է անի իր քաղաքացու համար, ի վերջո Լեւոն Հայրապետյանն արդեն մոտ 50 տարի կամ 45 տարի է` ՌԴ քաղաքացի է: Այո, հայ է, բայց նա ՌԴ-ի քաղաքացի է, ու եթե նույն ձեւով պայքարում են ԱՄՆ-ում, ուրեմն նույն ձեւով պետք է պայքարեն Մոսկվայում: Պետք է մենք պնդենք, որ Լեւոն Հայրապետյանը ՌԴ-ի քաղաքացի է: Ես առաջին ակնարկը Լեւոնի մասին գրել եմ դեռեւս 20 տարի առաջ, իր ամբողջ կենսագրությունը գիտեմ:
-Այսինքն` Դուք Վ. Պուտինին Լ. Հայրապետյանի հետ կապված անձամբ նամա՞կ եք ուղարկել:
-Չէ, ես հոդված եմ գրել, որտեղ վերջին տողում նշված է, դա ես գրել եմ մոտ մեկ շաբաթ առաջ:
Հ.Գ.Երեկ ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի` ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նաեւ ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Ընդ որում, նախկին վարչապետն իր գրառման մեջ բավականին թափանցիկ կերպով արտահայտել է իր բացասական վերաբերմունքը գործարարի ձերբակալման հետ կապված ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքի շուրջ: Աբրահամյանը, հիշեցնենք, ասել էր. «Եթե մարդն օրենք է խախտել, մենք ի՞նչ կարող ենք անել: Հիմա Լեւոնին բռնեցին, հետո Բարխուդարին, Սիմոնին…»: Դարբինյանը, մասնավորապես, գրել է. «Լեւոն Հայրապետյանի ձերբակալումը եւ բանտարկումը լուրջ փորձություն է հայերիս համար: Անկախ նրա գործած հանցանքից (եթե այդպիսին կա, իսկ հրապարակած նյութերը դրանում մեծ կասկածի հիմք են տալիս)՝ Հայաստան պետությունը եւ Սփյուռքը պարտավոր են միավորել ուժերը եւ կարողությունները՝ ճակատագրական այս դժվարին հանգույցում նրան առավելագույնս սատարելու եւ աջակցելու համար: Լեւոնը Բարխուդար չէ, առավելեւս՝ Սիմոն:
ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է ԻՐ ՏԱՆԸ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) կարծում է, որ Հայաստանում հանգստյան տների եւ հյուրանոցների գներն ավելի թանկ չեն, քան, օրինակ, Բաթումիում: Սակայն, չնայած դրան, նա գերադասում է հանգստանալ Ծաղկաձորի իր տանը:
-Պարոն Մարգարյան, որոշե՞լ եք, թե որտեղ եք հանգստի մեկնելու:
-Ես դեռեւս որեւէ ծրագիր չունեմ, ես դեռեւս հանրապետությունում եմ:
-Իսկ նախընտրում եք ՀՀ տարածքում հանգստանալ, թե՞ արտերկրում:
-Միանշանակ Հայաստանի ներսում:
-Ինչո՞ւ, այստեղ ավելի մատչելի՞ է:
-Մանտչելիի հարցը չէ այստեղ, դա իմ սովորույթներից է: Ես սիրում եմ ՀՀ-ում հանգստանալ:
-Իսկ Հայաստանում կոնկրետ որտե՞ղ եք նախընտրում հանգստանալ:
-Դե, կոնկրետ Ծաղկաձորում տուն ունեմ, այնտեղ եմ հանգստանում, սիրում եմ նաեւ հանգստանալ Դիլիջանում:
-Բայց տեսակետ կա, որ պետք է հարուստ լինել ՀՀ-ում հանգստանալու համար, քանի որ այստեղ հանգիստը զգալիորեն թանկ է, քան, օրինակ, Վրաստանում, Եգիպտոսում կամ Թուրքիայում: Համամի՞տ եք:
-Չեմ կարծում: Ես ձեզ ասեմ, ինձ թվում է՝ դա համեմատում են Վրաստանի Քոբուլեթիի հետ, ծովի այդ հատվածի վրա մի քիչ էժան է: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ արտասահմանի կամ Եվրոպայի հետ համեմատեք` չեմ կարծում, որ ՀՀ-ի գներն ավելի թանկ են: Ճիշտն ասած, ես այդ կողմը չեմ եղել, բայց լսել եմ, որ այդտեղ մատչելի է, որ ժողովրդի մեծ մասը գնում է այդտեղ: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այնտեղ գնում են ու հյուրանոցում չեն մնում, այլ ինչ-որ տուն են վարձում ծովին մոտիկ, բնական է, որ նման հանգիստն ավելի էժան է` համեմատած մեր հյուրանոցների հետ: Բայց ասեմ` պարտադիր չէ գնալ հյուրանոցում հանգստանալ, կարող են նույն Սեւանում ափի վրա տուն վարձել, ու կարծում եմ, որ մի քանի անգամ ավելի էժան կլինի: Իսկ եթե համեմատենք Բաթումիի հյուրանոցների հետ, չեմ կարծում, որ այնտեղի հյուրանոցները Սեւանի հյուրանոցներից ավելի էժան են:
-Անձամբ Դուք ինչքա՞ն գումար եք նախատեսել հանգստի համար:
-Ընդհանրապես ասեմ Ձեզ, եթե ես գնում եմ Ծաղկաձոր` իմ տանը հանգստանում եմ, ապա հատուկ գումարներ դրա համար չեմ ծախսում:
-Բայց, ըստ Ձեզ, որքա՞ն գումար է հարկավոր Հայաստանում նորմալ հանգստանալու համար:
-Նայած ինչ հանգստի մասին է խոսքը, ամեն մեկն ինքը կարող է այդ հարցին պատասխանել:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՍԱՌՆ ԵՆ ԵՂԵԼ
Ինչպես «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, կիրակի օրը Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի եզրափակիչ փուլին: Միջոցառման փակման արարողությունը տեղի է ունեցել Ծաղկաձորի մարզաբազայում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ս. Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը միասին են մարզադաշտ գնացել: Նրանց հետ է եղել նաեւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Մեր տեղեկություններով՝ այս անգամ Գ. Ծառուկյանն ու Ս. Սարգսյանը միջոցառման ժամանակ գրեթե բառ չեն փոխանակել միմյանց հետ (անցյալ տարի նույն միջոցառման ժամանակ ավելի ջերմ են եղել), ուղղակի կողք կողքի են նստել, հետեւել միջոցառման ընթացքին ու հեռացել: Ս. Սարգսյանն ու միջոցառմանը մասնակցող մյուս պաշտոնյաները լուսանկարվել են մասնակիցների հետ, իսկ Գ. Ծառուկյանը չի միացել նրանց: Անգամ միջոցառման ավարտից հետո, երբ բոլորը գնացել են ռեստորան, Գ. Ծառուկյանը միայնակ հեռացել է այնտեղից՝ գերադասելով սեղան չնստել Ս. Սարգսյանի հետ:
ԿՎԻՐԱՀԱՏԵՆ
Նոյեմբերյանի N զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի գործով 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանին կվիրահատեն: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Դավիթի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը. «Լսել ենք, որ մեջքի հատվածում թարախային մաս է եղել եւ բժիշկներն ասել են՝ պետք է անպայման վիրահատվի: Թե երբ կբերեն ու կվիրահատեն, դեռ չգիտենք, մենք էլ ենք սպասում»: Դատապարտվածի եղբայրը հավելեց նաեւ, որ իրենք արդեն դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը:
ԴԱՏԱՐԱՆ ԿԴԻՄԻ
ՀՀ Արարատի մարզում գործող «Ալիշան պահածոների գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանն առաջիկայում դատարան է դիմելու՝ ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի: Նշենք, որ գործարանը վեցամսյա դադարից հետո արդեն մեկուկես ամիս է, ինչ աշխատում է: «Որոշ խնդիրներ կան, դրանք լուծելուց հետո անպայման դիմելու եմ դատարան եւ պահանջելու չաշխատած ամիսներին գործարանի կրած վնասների փոխհատուցումը»,- ասաց գործարանի տնօրենը: Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն «Ալիշան» ընկերությունից պահանջել էր սպառած գազի դիմաց վճարել 3 մլն 600 դրամ, որն, ըստ գործարանի տնօրենի՝ ապօրինի է: Թեեւ ընկերությանը դիմել էր, որ վերանայեն եւ հաշվարկեն գործարանի սպառած գազի իրական ծավալները, սակայն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գործարարին զիջելու փոխարեն անջատել էր ընկերության գազամատակարարումը: