ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՊԱՐԶԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՄԻ 60 ՀՈԳՈՒ ԴԱՏԵՆ»

Դեռեւս հուլիսի 10-ին, երբ ՀՀ կառավարության նիստից առաջ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները հավաքվել էին Կառավարության շենքի մոտ ու պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերը, անակնկալ կերպով «Նաիրիտ»-ի աշխատակիցներին էր մոտեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու փորձել հասկանալ նրանց պահանջները: Վարչապետը հայտարարել էր, որ իրենց համար եւս անհասկանալի է, թե ով է պատասխանատու «Նաիրիտ»-ն այդ վիճակին հասցնելու համար:

«Մենք կոլապսի մեջ ենք, երկու ամիս է՝ ուսումնասիրում ենք, չենք կարողանում ծայրը գտնել՝ ինչ են արել, ոնց են տարել, ոնց են բերել»,-նաիրիտցիների մոտ անկեղծացել էր Հ. Աբրահամյանը՝ նշելով, որ երկու ամիս է, ինչ իրենք փնտրում են «Նաիրիտ»-ի սեփականատիրոջն ու չեն կարողանում գտնել: Իսկ հարցին՝ ինչու մինչեւ այսօր որեւէ մեկը չի պատժվել, վարչապետը պատասխանել էր. «Պիտի ճշտենք, որ պատժենք»: «Ժողովուրդ»-ը զրուցել է «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանի հետ` պարզելու, արդյո՞ք այդքան դժվար է բացահայտել, թե իրականում ինչ է տեղի ունեցել գործարանի հետ:
-Պարոն Ներսիսյան, «Նաիրիտ»-ի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում վերջերս ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե իրենք հայտնվել են կոլապսի մեջ, քանի որ իրենց համար եւս անհասկանալի է, թե ով է «Նաիրիտ» գործարանի սեփականատերը: Իսկապե՞ս այդքան դժվար է այդ հարցը պարզել:
-Ուրեմն՝ նախ չպետք է փնտրել, թե ով է սեփականատերը, այլ պետք է փնտրել ու գտնել, թե ով է այդ պարտքերը կուտակել: Դրանք անձեր են, նախկին կառավարիչներն են հիմնականում, դրա պատասխանատուն Էներգետիկայի նախարարությունն է, պատասխանատու է «Գազպրոմ»-ը ու նաեւ` կառավարիչները, որոնք էլ 15-20 հազար դոլար աշխատավարձ էին իրենք իրենց գրում ու ստանում: Ու լիքը կարճափեշ աղջիկներ էին հավաքել իրենց կողքերն ու բարձր աշխատավարձեր էին տալիս անհասկանալի գործունեության համար: Ես այս ամենը խանդով չեմ ասում, ուղղակի իմ սիրտը ցավում է որպես քաղաքացի, ես մոռացել եմ, որ ինչ-որ ժամանակ այնտեղ ինչ-որ գործունեություն եմ ունեցել: Ամբողջ խնդիրն այն է, որ շատ վատ ու շատ փնթի է կառավարվել գործարանը: Ամեն անգամ իրենց թվում էր, թե արեւ կծագի կամ ինչ-որ մարդիկ կհայտնվեն ու կփրկեն իրենց, իսկ դա չէր կարող տեղի ունենալ այն պարզ պատճառով, որ իրենք «Նաիրիտ»-ը սպանել էին: Ես արդեն ասել եմ, որ «Նաիրիտ»-ն ապագա չունի, որովհետեւ եթե գործարանն աշխատի ներկայիս տեխնոլոգիայով (ես դրա մասին նույնիսկ իմ աշխատած տարիներին եմ ընդգծված ասել), ապա այն 10 տոկոսից ավելի չի կարող աշխատել: Իսկ իրենք էլ հասկանալով այդ ամենը փորձեցին թալանել մաքսիմալ, ինչքան հնարավոր էր: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս էին իրենք իրենց 15-20 հազար դոլար աշխատավարձ նշանակում, երբ այդ գործարանը 10 տոկոս արդյունավետությամբ էր աշխատում: Իսկ դա կատարվում էր իշխանությունների աչքի առաջ, մեր նախագահի ու վարչապետի աչքի առաջ:
-Ըստ Ձեզ, այժմ անհնա՞ր է բացահայտել, թե ովքեր են պատասխանատու «Նաիրիտ»-ի այսօրվա վիճակի համար:
-Բացարձակ անհնար բան չկա, պարզապես պետք է մի 60 հոգու դատեն, եթե շատ են ուզում: Պետք է նաեւ բռնագրավում ու բռնագանձումներ անեն ու ամեն ինչն իր տեղը կգա: Չնայած` դա էլ «Նաիրիտ»-ը չի փրկի, քանի որ գործարանի վիճակը շատ վատ է:
-Բայց այժմ «Նաիրիտ»-ի վաճառքի հետ կապված բանակցություններ են ընթանում: Գուցե այդ կերպ հարցը լուծվի:
-«Ռոսնեֆտ» եւ այլն, դրանք ավելորդ խոսակցություններ են: Եթե որեւէ մեկը տնտեսությունից հասկանում է, ապա իր համար պարզ է, որ ոչ ոք չի կարող «Նաիրիտ»-ը վերցնել. կամ պետությունը պետք է այնքան հզոր լինի, որ բոլոր պարտքերը մարի, աշխատավարձերը վճարի, կամ այն կազմակերպությունները, որոնք այն տնօրինում են` նախկին առեւտրի նախարարի` Վահան Մելքոնյանի, ինչպես նաեւ Տիգրան Սարգսյանի եղբոր գլխավորությամբ, որպեսզի կարողանան հարցին լուծում տալ: Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում կգտնվի մի սրտացավ փորձագետ ասեմ, քննիչ ասեմ, երկրի նախագահ ասեմ, դատախազ ասեմ` չգիտեմ ինչ ասեմ, որ կցանկանա դա բացահայտել: Շատ մեծ կեղտ է փաթաթվել «Նաիրիտ»-ի վզով, որի համար էլ դա կոլապս են ասում, բա այդքանից հետո «Նաիրիտ»-ը պետք է կոլապսում հայտնվեր: Այսօրվա վարչապետը, համոզված եմ, ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարողանալու օգտակար լինել «Նաիրիտ»-ին, որովհետեւ դժվար է կարծել, որ իրենք իրենց շրջապատի մարդկանց «կուտեն»: Կամ այն կուսակցության անդամներին, ովքեր տնօրինում էին «Նաիրիտ»-ը:
-Այժմ էլ պարզվում է, որ «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերի պարտքերն իշխանությունները պարբերաբար փակել են «Որոտանի ՀԷԿ»-ի եկամուտների հաշվին:
-Իսկ ինչ վերաբերում է այդ «Նաիրիտ 2»-ին, որը տվել են «Որոտանի ՀԷԿ»-ին, դա ընդհանրապես հասկանալի չէ, գոնե ինձ համար: Երբ որ «Որոտան»-ը ամերիկացիներին վաճառելու բանակցություններ են վարվում ու հանկարծ «Նաիրիտ 2»-ի պարտատոմսերը տալիս են «Որոտան»-ին, դա արդեն անհասկանալի իրավիճակ է: Դրանով նաեւ չեն լուծելու նաիրիտցիների աշխատավարձերի հարցը, քանի որ այնտեղի հիմնական աշխատակիցները «Նաիրիտ 1»-ում են:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ. ԿԱԼՈՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐ ՉԿԱ

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռեւս փետրվարի 22-ին հանձնարարել էր գազի կալորիականությունը ստուգելու նպատակով հանձնաժողով ստեղծել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ շուրջ 5 ամիս տեւած ուսումնասիրություններից հետո հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ ՀՀ-ում գազի կալորիականության հետ կապված որեւէ խնդիր չկա:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով գազի կալորիականության խնդրին՝ նշել էր, որ այն շարունակում է մնալ հասարակությանը հուզող հարցերից մեկը: «Չնայած բազմաթիվ պարզաբանումներ եղան, շարունակվում են հարցերը, թե արդյոք կալորիականությունը փոխվել է»,- նշել էր Տ. Սարգսյանն ու հարց ուղղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, թե ինչպես կարող են կալորիականության մասին եզրակացությունները պարզ ներկայացնել հանրությանը:
Ռոբերտ Նազարյանն էլ ի պատասխան նշել էր. «Գազ սպառող խոշոր ընկերությունները ստուգել են կալորիականությունը եւ դրական ցուցանիշեր ներկայացրել, բայց այս ցուցանիշերը եւս չեն բավարարում առանձին տնտեսվարող սուբյեկտներին: Ես առաջարկել եմ գործարարներին համախմբվել եւ ձեռք բերել լաբորատորիա, որ կարողանան իրենք էլ չափել եւ համոզվել կալորիականության մեջ, բայց, ցավոք սրտի, նման քայլ չի կատարվել նրանց կողմից»:
Այնուհետեւ Ռ. Նազարյանն առաջարկել էր ստեղծել մի հանձնաժողով, որում կներգրավվեն Հանրային խորհրդի անդամներն ու գործարար աշխարհի ներկայացուցիչները, որպեսզի հասկական, թե ուրիշ ինչ կարող են անել՝ հանրության մոտ գազի կալորիականության հարցում վստահություն ձեռք բերելու համար։ Այդ ամենից հետո Տիգրան Սարգսյանը հանձնարարել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ստեղծել հանձնաժողով եւ ուսումնասիրել գազի կալորիականության խնդիրը:
Իսկ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Շահվերդյանն առաջարկել էր շարժական լաբորատորիա ստեղծել, որը տեղում կստուգեր գազի կալորիականությունը. «Դա մեծ բան չէ, ընդամենը մի 25-30 հազար դոլարի պատմություն է»,- նշել էր նա:
Այդ ամենից 5 ամիս է անցել ու այս ընթացքում հանձնաժողովը տարբեր ուսումնասիրություններ է անցկացրել, որոնց արդյունքում պարզել է, որ կալորիականության հետ կապված որեւէ խնդիր չկա:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոնիթորինգի եւ ծրագրերի զարգացման վարչության պետ Աբգար Բուդաղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հանձնաժողովն աշխատանքներն ավարտել է. «Գնացել` մի քանի տեղերում ստուգումներ են իրականացրել, որոնք էլ փաստել են, որ խնդիրը կալորիականության հետ կապված չէ: Նաեւ հանձնարարական էր եղել, որ չափումներին, որոնք իրականացնում է «ՀայՌուսգազարդ»-ը, մասնակցի նաեւ չափագրության ազգային ինստիտուտը, ու արդեն քանի ամիս է՝ այդ չափագրումները նրանց կողմից հաստատվում են: Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը մեզ իր վերջնական եզրակացությունը չի ներկայացրել, բայց վերջին քննարկման ընթացքում աշխատանքային խմբի անդամներն, ըստ էության, փաստում էին, որ կալորիականության հետ կապված իրենք խնդիր չեն տեսնում»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Լուրեր

ՉԵՆ ՍԻՐՈՒՄ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, չնայած դեռ շարունակում է թաթախված մնալ օֆշորային սկանդալի մեջ, այնուամենայնիվ, կարծես թե դեռ ամերիկացիների սրտով է: Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե Տիգրան Սարգսյանը լավագույն անձն էր՝ Հայաստանը ԱՄՆ-ում ներկայացնելու համար: Իհարկե չի բացառվում, որ ամերիկացիներին ձեռնտու է Տ.Սարգսյանի նման անձնավորությունը, ում դեմ լուրջ կոմպրոմատներ կան ու դրանք անհրաժեշտ պահի բավականին արդյունավետ կարող են օգտագործվել:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Հովիկ Աբրահամյանն ու նրա կառավարությունը օտարերկրյա շատ դիվանագետների, այդ թվում ԱՄՆ դեսպանի սրտով չէ: Ու մի շարք քաղաքական ուժերի ու գործիչների հետ կայացած փակ հանդիպումների ժամանակ դիվանագետներն ակնարկել են այդ մասին:

 

ՎՃԻՌ ԿԼԻՆԻ
Երեկ Երեւանի Վերաքննիչ քաղաքացիական դատարանում շարունակվեց գործարար Խաչիկ Խաչատրյանի (Ձվերի Խաչիկ) բողոքի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի: Դատավոր Կարինե Հակոբյանն ընթերցեց Խ. Խաչատրյանի պահանջը, որտեղ նշվում էր, թե Խ. Խաչատրյանը օրաթերթից ու լրագրողից պահանջում է 2 միլիոն դրամ պատվի ու արժանապատվության, եւ 200 հազար դրամ էլ՝ իր փաստաբանների ծախսի համար: Ըստ Խ. Խաչատրյանի՝ օրաթերթն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Հիշեցնենք, որ դեռեւս 2012թ. դեկտեմբերին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել է «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանին, քանի որ ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում եւ ինչ խնդիրներ է ունեցել ՊԵԿ-ի հետ: Պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները, մենք փորձել էինք Խաչատրյանից տեղեկությունը ճշտել, սակայն հարցին պատասխանելու փոխարեն գործարար Խաչատրյանը հայհոյել էր լրագրողին՝ անվանելով «պրաստիտուտկա»:
Երեկ դատավոր Կ. Հակոբյանը լրագրող Ս. Գրիգորյանին հարցրել է՝ արդյոք ինքը կարծո՞ւմ է, որ վիրավորել է Խ. Խաչատրյանի արժանապատվությունը: Լրագրողը պնդել է, որ իրականում Խ. Խաչատրյանն է իրեն վիրավորել, որից հետո գործարարի փաստաբանը հայտարարել է, թե դա հրապարակային չի եղել, այլ եղել է անձնական զրույց եւ լրագրողն այն հրապարակել է: Այստեղ տիկին դատավորը մեր լրագրողին տվել է ամենաուշագրավ հարցը. «Սոնա, իսկ դուք ի՞նչ եք պատասխանել, հայհոյե՞լ եք»: Լրագրողը նախ ասել է՝ ոչ, ապա հարց տվել դատավորին՝ ի՞նչ եք կարծում, ես էլ պիտի հայհոյեի՞: Դատավորը բազմանշանակ ասել է, թե «դա ձեր իրավունքն է»: Դատավորի տպավորությամբ, լրագրողը պետք է այնքան ցածրամակարդակ լիներ, որ խուլիգանությանը պատասխաներ խուլիգանությամբ: Եվ այս երկաթյա տրամաբանությամբ էլ տիկին դատավորը պատրաստվում է հուլիսի 31-ին այս գործով վճիռ հրապարակել:

 




Լրահոս