ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՄԵՆՔ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԵՆՔ, ՄԵՆՔ ՈՉ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը վերջերս մի ուշագրավ փորձարկում է կատարել` պարզելու համար գազի կալորիականությունը: Պատգամավորը, Մոսկվայում գտնվող իր ընկերոջ հետ տեսակապի միջոցով միանալով, փորձել է միաժամանակ սուրճ եփել: Արդյունքում Լ. Խաչատրյանի ընկերը «հաղթել» է, քանի որ նրա սուրճը եփվել է երկու անգամ ավելի արագ` այդպիսով ակնհայտ դարձնելով այն իրողությունը, որ ՀՀ-ում գազի կալորիականությունն անհամեմատ ավելի ցածր է, քան ՌԴ-ում:

Հիշեցնենք, որ գազային համաձայնագրի քննարկման շրջանակներում տարավերջին էլ պատգամավորն ԱԺ-ում գազի որակի վերաբերյալ հարց ուղղեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին` հիշեցնելով. «Խորհրդային տարիներին գյուղացին առավոտյան արթնանում էր, սուրճը դնում էր կրակին, խմում էր, ապա իջնում էր գոմ, կերակրում էր անասուններին, մաքրում էր ու վերադառնում տուն: Հիմա սուրճը դնում է, իջնում է գոմ, անասուններին կերակրում է, վերադառնում է, կնոջը սիրում է, ու այդ ընթացքում նոր սուրճը հասնում է իր եռման կետին»:
Հաշվի առնելով խնդրի շուրջ պատգամավորի առարկայական ուշադրությունը` «Ժողովուրդ»-ը գազի աննախադեպ բարձր վարձավճարների եւ ցածր որակի հետ կապված մի քանի հարց ուղղեց Լյովա Խաչատրյանին:
-Պարո՛ն Խաչատրյան, գազի ամսական վարձավճարները մուծե՞լ եք:
-Ես չեմ մուծումները կատարում, ընտանիքիս մյուս անդամներն են անում, բայց ի՞նչ տարբերություն. ինչպես բոլորը, այնպես էլ մենք շատ բարձր գին ենք վճարել: Պետք է մի հատ ուսումնասիրություն կատարեք, թե ինչու է այդքան բարձր: Ես ամեն անգամ այդ հարցը բարձրացնում եմ, բայց իմաստը ո՞րն է: Մենք խորհրդարանում որոշումը կատարում ենք կոճակ սեղմելով, իսկ մեր սեղմած կոճակները չեն բավականացնում որոշման համար:
-Բայց ԲՀԿ-ն այսօր համարվում է այլընտրանքային ուժ, գուցե այլընտրանքային ե՞լք առաջարկեք ժողովրդին:
-Մենք այլընտրանք չենք, մենք ոչ իշխանություն ենք, ինչպես եւ մնացած ոչ իշխանական ուժերը:
-ԲՀԿ խմբակցությունն է հայտարարել, որ այլընտրանքային ուժ է:
-Դե այլընտրանք… ոչ իշխանական ենք, էլի՛, այլընտրանք կհամարեք, ընդդիմություն կհամարեք, մեկ այլ անունով կդնեք, ես չգիտեմ… ոչ իշխանական ուժ ենք:
-Այսօր գյուղացին այս թանկացումների պատճառով հայտնվել է…
-Գյուղացի՞ն… 100 ընտանիքից, Նոր տարի էր, մի քիչ գազ վառողներ եղան, բնական է, բայց ասեմ` ընդհանրապես 100 բաժանորդից օգտվում է մոտ 10 հոգին, որից 4-ը դաչնիկ են: Սա է գյուղում իրավիճակը, պարզապես մարդիկ չեն օգտվում ու վերջ: Մարդիկ հնարավորություն չունեն: Մարդիկ աշխատանք չունեն, փող չունեն: Իսկ փող չունեն, որովհետեւ աշխատանք չունեն: Աշխատանք էլ չունեն, որովհետեւ աշխատատեղ չկա: Իսկ աշխատատեղ չկա, որովհետեւ փոքր եւ միջին բիզնես չկա: Փոքր եւ միջին բիզնես էլ չկա, որովհետեւ ոչնչացվեց այդ ամենը: Ոչնչացվեց, որովհետեւ երեւի այդպես էր պետք: Բայց մի բան նշեմ. ես արտագաղթող չեմ, հիասթափվող էլ չեմ, բայց պետք է այս հարցի լուծումը միասին գտնենք: Կողքից աբարանցիք ինձ ասում են՝ դու չես հիասթափվում, բա մե՞նք: Հիասթափություն կար մի երկու տարի առաջ, հիմա դա էլ չկա, հիմա հիասթափվողներ չկան, կողքից ասում են` վրներներս հնցելա… Էդ էլ չեն կարում անեն, էլ չեն կարողանում հիասթափվեն: Նույնիսկ հիասթափվելու ունակությունն են մարդիկ կորցրել: Հիմա հո մենակ հարցը, խնդիրը գա՞զը չի, ինչ ասեմ` ոչ մի բան իր տեղում չի: Հիմա էլ ուզում են Հայաստանի անունը փոխել, հետաքրքիր է, թե անունն ինչ են դնելու:
-Ապարանից ե՞ւս մարդիկ զանգվածաբար լքում են երկիրը…
-Դե այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն, գնացել են, հիմնականում մնացել են այն մարդիկ, որոնք հնարավորություն չունեն գնալու: Մեր գյուղերից ընդհանրապես խոպանչիներ շատ քիչ են եղել, ապարանցիք խոպան չեն գնացել, իրենք ո՛չ իրենց ընտանիքն են թողել եւ ո՛չ էլ հեռացել են, իրենք իրենց հացով բավարարվել ու մնացել են: Հիմա եթե ապարանցիք են արտագաղթում, դա արդեն լուրջ խնդիր է: Այսինքն՝ այժմ այստեղ էլ նույն վիճակն է, ինչ ՀՀ բոլոր մարզերում: Արտագաղթն իրականացվում է երեք ուղղություններով՝ մեկը՝ արտերկիր, երկրորդը՝ դեպի գերեզմաններ, իսկ մյուս ուղղությունը բանտերն են, երբ մարդը չի ուզում նշված երկուսից որեւէ ուղղությամբ գնալ ու այդ դեպքում էլ հայտնվում է բանտերում:
-Իսկ Ձեր այս բոլոր մտահոգությունների շուրջ երբեւիցե քննարկում ունեցե՞լ եք ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Ի վերջո, նա ի՞նչ ելք է առաջարկում, ինչպե՞ս է պատկերացնում այս խնդիրների լուծումը:
-ԲՀԿ համագումարում, կարծում եմ, կտրվի շատ հարցերի պատասխանը. մնաց ընդամենը 20-25 օր, որ տեղի ունենա համագումարը: Համբերե՛ք` կտեսնեք: Համենայնդեպս, բոլորի համար էլ պարզ է, որ այսպես շարունակել չի կարելի:

 

 

 

ԱԺ ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ

Դեռեւս դեկտեմբերի 26-ին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններն ԱԺ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ էին հրավիրել, որի ժամանակ որոշել էին հանձնաժողովի ղեկավար ընտրել ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանին: Սակայն փետրվարին մեկնարկելիք ԱԺ քառօրյայում հաշվիչ հանձնաժողովի կազմը կարող է փոփոխության ենթարկվել, քանի որ դա նախատեսված է ԱԺ կանոնակարգով:

Հիշեցնենք, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի՝ վերը նշված արտահերթ նիստին ԱԺ ՀՀԿ-ական եւ ՕԵԿ-ական անդամները չէին մասնակցել, ներկա էին եղել միայն ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները՝ Արծվիկ Մինասյանը, Տիգրան Ուրիխանյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Թեւան Պողոսյանը: Իսկ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում «Հայռուսգազարդ»-ի 20% բաժնեմասի վաճառքի վերաբերյալ քվեարկության արդյունքների վավերականության հարցն էր:
Հաշվիչ հանձնաժողովի նիստում միաձայն որոշվել էր, որ դեկտեմբերի 23-ին ոչ էլեկտրոնային եղանակով ԱԺ արտահերթ նիստի ընթացքում տեղի ունեցած բաց քվեարկության ժամանակ ձայների հաշվարկ տեղի չի ունեցել, հետեւաբար քվեարկության վերաբերյալ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի կողմից ԱԺ նախագահին ներկայացված արդյունքը վավեր չէ: Հանձնաժողովի նիստը ղեկավարող Լ. Սարգսյանը նշել էր, որ իրենց նպատակն է նորից խորհրդարան վերադարձնել համաձայնագրերը եւ վերսկսել ընթացակարգը:
Իսկ Ս. Ավետիսյանը չէր մասնակցել նիստին, որի ժամանակ որոշում էր կայացվել նոր նախագահ ընտրել: Լ. Սարգսյանն առաջադրել էր Թեւան Պողոսյանի թեկնածությունը, սակայն վերջինս ինքնաբացարկ էր հայտնել՝ առաջադրելով Լ. Սարգսյանի թեկնածությունը: Արդյունքում` միաձայն որոշվել էր ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ ընտրել Լ. Սարգսյանին: Իսկ Իշխան Խաչատրյանն էլ ընտրվել էր հանձնաժողովի քարտուղար:
Այս փոփոխությունից հետո դեռեւս ԱԺ նիստ չի կայացել, քանի որ խորհրդարանը մեկնել էր ձմեռային արձակուրդի: Սակայն ԱԺ բնականոն աշխատանքի դեպքում, ըստ ԱԺ կանոնակարգի, կրկին պետք է կազմավորվի ԱԺ հաշվիչ հանձնաժողովը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից պարզել, թե հանձնաժողովն ինչ է պատրաստվում անել այս ուղղությամբ: «Լիազորված չեմ, որպեսզի որոշման մասին որեւէ բան ասեմ, բայց ես վստահ եմ, որ մենք միասին գալու ենք կրկին մեկ համատեղ որոշման: Դեռեւս այդ հարցը չի քննարկվել, իսկ կանոնակարգով ամեն նստաշրջանի սկզբում ընտրվում է հանձնաժողովի նոր կազմ: Առաջիկայում կլինի որոշում, դուք էլ դրա մասին կտեղեկանաք»,-նշեց պատգամավորը:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՀԵՐԹՈՎ, ՇԱՐՔՈՎ

Երեկ հայրենի կառավարության անդամները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին են ներկայացրել իրենց նախարարությունների տարեկան հաշվետվությունները: Ներկայացնողների թվում են եղել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նրանք գրեթե մեկ ժամ տեւողությամբ նիստի ընթացքում գերազանցիկների պես փորձել են արդարացումներ գտնել ու պայծառ «լույսի» ներքո ներկայացնել իրենց կատարած աշխատանքները: Նշենք նաեւ, որ թերացումներ են եղել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի կատարած աշխատանքներում:

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ՞

ԱԺ ՕԵԿ խմբակցության նորաթուխ անդամ Լեւոն Դոխոլյանի (Քույրիկ Լեւոն) կենսագրությունը մինչեւ այսօր ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված չէ: Թեեւ դեռեւս 2013թ. նոյեմբերի 28-ից Լ. Դոխոլյանը ներկայացված է որպես ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ, այնուամենայնիվ, կայքում չկա նաեւ նրա լուսանկարը: Այս իրողությունից կարելի է եզրակացնել, որ կա՛մ Լ. Դոխոլյանը հարուստ կենսագրություն չունի, դրա համար ամաչում է հրապարակել, կա՛մ էլ կենսագրական տվյալներում թաքցնելու բաներ կան, դրա համար էլ մինչ օրս հանրությանը չի ներկայացրել իր անցած ճանապարհը: Կա նաեւ երրորդ տարբերակը. գուցե ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին մինչ այժմ չի՞ հաջողվում քրոջ փեսայի՝ Լ. Դոխոլյանի համար հպարտանալու աստիճան լավ կենսագրական տվյալներ «թխել»:

 

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը որոշել է իր կողմից ստեղծվելիք Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության առաջին համագումարն անցկացնել Վանաձոր քաղաքում: Համագումարը տեղի է ունենալու հունվարի 25-ին. «Հիմնադիր համագումարն է, որը լինելու է աշխատանքային համագումար: Մենք հրավիրյալներ չունենք, սա ի սկզբանե մտածված է եղել»: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու է որոշվել համագումարն անցկացնել Վանաձորում, պատգամավորն ասաց. «Չէի ցանկանում անակնկալի գալ դահլիճի հարցում: Միշտ այդպես է լինում՝ սկզբում համաձայնում են տրամադրել, հետո անակնկալ մերժում են: Եվ մենք էլ նման անակնկալներից խուսափելու համար նախընտրել ենք այս տարբերակը: Վանաձորում ունենք շատ մեծ գրասենյակ, որտեղ կարող ենք մեր համագումարն անվճար անցկացնել»:




Լրահոս