ԳԵՂԵՑԻԿ ՀՈԳՈՒ ՄՐՑՈՒՅԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի տարի շարունակ Հայաստանում չէր  անցկացվում «Միսս Հայաստան» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթը: Այս տարի վերջապես որոշեցին այն վերսկսել եւ ընտրել Հայաստանի ամենագեղեցիկ աղջկան, ով կլինի մեր ազգի դեմքն ու կներկայացնի մեր երկիրն ամբողջ աշխարհում: Օրերս համացանցում է հայտնվել  «Միսս Հայաստան 2012» մրցույթի օրագիրը: Մասնակից աղջիկները ժյուրիի առջեւ հանդես են գալիս լողազգեստով (ոմանք, ի դեպ, ժյուրիին էին ներկայացել իրենց առօրյա ներքնազգեստով) ու ներկայացնում իրենց: Սակայն նրանցից մի քանիսն անգամ չեն էլ հասկանում, թե ինչու են եկել այս մրցույթին. «Ընկերուհիներս ասացին` մասնակցի, ես ել մասնակցեցի», կամ` «Էս ամիս քեֆերի ամիս էր, չաղացել եմ, բայց հանուն մրցույթի` կնիհարեմ». նմանատիպ տարօրինակ մտքերի հեղինակները նույնիսկ  գրագետ հայերենով խոսել չեն կարողանում: Ժյուրիի անդամներն էլ կարծես անելանելի իրավիճակի մեջ են հայտնվել. հարցեր են տալիս, փորձում գոնե ինչ-որ կերպ հասկանալ, թե այս աղջիկներն ովքեր են եւ գիտեն, թե ինչի համար են մասնակցում: Ի դեպ, աղջիկներից  շատերը ո՛չ քաշով, ո՛չ էլ արտաքին տվյալներով չեն համապատասխանում մրցույթի պահանջներին: Ըստ մրցույթի կարգի` մասնակցել կարող են մոդելային արտաքինով 17-24 տարեկան աղջիկները, որոնց հասակը չպետք է պակաս լինի 170 սմ-ից, բայց մասնակից աղջիկներից շատերի հասակը նույնիսկ 165 սմ չի հասնում, իսկ մոդելային արտաքինի մասին խոսք անգամ  չկա:
Դատելով այս աղջիկների արտաքինից` կարելի է ենթադրել, որ սա ոչ թե արտաքին գեղեցկության, այլ գեղեցիկ հոգու ու ներաշխարհի մրցույթ է: Շատ ավելի լավ կլինի, եթե դուք ինքներդ դիտեք այդ տեսանյութը Youtube կայքում` փնտրելով  Miss Armenia will be selected in April կամ «Միսս Հայաստան 2012»-ի մասնակիցները:
Այս տեսանյութը մեծ ուրախություն է առաջացրել սոցիալական կայքերի օգտատերերի մոտ: Ներկայացնում ենք Ձեզ մի քանի մեկնաբանություններ. «Ավելի լավ էր էս աղջիկները մի հատ իրանց ուշադիր նայեին հայելու մեջ ու նոր որոշեին մասնակցել գեղեցկության մրցույթին», «Գոնե լողազգեստների մի ընկերություն հովանավոր կանգներ, որ ներքնազգեստով չգային», «Մեր ազգում էլ սիրուն աղջիկ չկա՞: Երեւանի փողոցներում էնքան սիրուն աղջիկ կա, ո՞ւր են նրանք», «Էս ամբողջ քանակի մեջ ոչ մի որակ չտեսա, յեսիմ ինչ դեմքեր, կլոր փորեր, մեծ քթեր, ծուռ ոտքեր: Ափսոսում եմ, որ իրանք են մեր գեղեցկուհիները»:




Լրահոս