ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՑ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՎՆԱՍՈՎ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումից հետո ՀՀ-ում եւ Երեւանում գործող հացի որոշ արտադրամասեր հայտնվել են ծանր վիճակում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հացի արտադրությամբ զբաղվող գործարանների ղեկավարները դժգոհում են ոչ միայն գազի բարձր վարձավճարներից, այլեւ ցածր կալորիականությունից:
Սեւանի հացի գործարանի Երեւանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Ավետիսյանի խոսքով՝ առկա պայմաններում փոքր եւ միջին արտադրողների համար այլեւս անհնար է աշխատել առանց արտադրանքի գնի բարձրացման: «Հացի արտադրության մեջ կարեւորը հումքն է` ալյուրը, էներգակիրը, հարկային քաղաքականությունը, աշխատավարձը. սրանք տեսակարար կշիռի մեջ մեծ տոկոս են կազմում: Գազի թանկացման մասով հնարավոր չէր՝ գնի փոփոխություն չլիներ, առավել եւս, որ հացի արտադրության մեջ շահութաբերությունը շատ ցածր տոկոս է կազմում: Այս պայմաններում փոքր արտադրողն ի վիճակի չէ գինը չբարձրացնել, մենք խոշոր արտադրություն ունենք, գոնե կարողանում ենք ինչ-որ կերպ տեղավորվել, բայց փոքր արտադրությունները բացարձակ հնարավորություն չունեն տեղավորվելու: Այս պատճառով էլ հացի արտադրությամբ զբաղվողները, որոնք, ենթադրենք, օրական մի 100 կամ 200 կգ հացի արտադրություն ունեն, միանշանակ պետք է հացամթերքի գինը բարձրացնեն, որպեսզի կարողանան գոյատեւել, շահույթ ապահովել»,-բացատրեց Ավետիսյանը:
Նրա խոսքով` հացի գնի ձեւավորման մեջ մեծ տոկոսը կազմում է գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսը, իսկ իրենց գործարանի՝ անցած ամսվա գազի եւ էլեկտրաէներգիայի վարձերը բավականին բարձր են եղել: Այդուհանդերձ, Ա. Ավետիսյանը նշեց, որ առաջիկայում Սեւանի հացի գործարանն իր հացամթերքի գինը չի բարձրացնելու. «Հակառակը, հնարավոր է՝ այն էժանանա, քանի որ միջազգային շուկայում ցորենի գները նվազել են»:
Իսկ ՀՀ Կոտայքի մարզում գործող «Գառնու Սուրիկի լավաշ» գործարանի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգված նշեց, որ վերջին երկու-երեք ամիսների ընթացքում սկսել են վնասով աշխատել: «Ինչ խոսք, թալան են անում: Չէ՞ որ մենք հաց ենք արտադրում, ոչ թե ոսկի, որ միլիոններով գազի վարձ տանք: Հիմա անցած ամսվա գազի վարձի չափը գիտենք` 2 մլն 580 հազար դրամ: Պետք է մուծենք: Մի կողմից էլ գազի որակն է ընկած, ջերմություն չկա, հասկանո՞ւմ եք: Ինչ անես՝ չգիտես: Փակվե՞նք: Հայաստանում դժվարացել են աշխատանքի պայմանները»,-հիասթափված նկատեց նա:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ կթանկանա լավաշը, թե ոչ, Ս. Հակոբյանը պատասխանեց. «Դեռ կարողանում ենք մի քիչ վնասով աշխատել, յոլա ենք գնում: Բայց այսպես երկար չենք կարող շարունակել: Հիմա մտածում ենք, թե անցած ամսվա գազի վարձն ինչպես ենք մարելու: Նոյեմբեր ամսվա գազի վարձը մի կերպ պարտք ենք արել ու մուծել ենք: Եթե անցած ամսվանն էլ չկարողանանք մարել, ուրեմն հիմնարկությունը կփակվի: Մոսկվայում մենք հարազատներ ունենք, որոնք հացի արտադրությամբ են զբաղվում ու անընդհատ ասում են, որ այնտեղ պայմանները շատ լավ են: Ի՞նչ անենք, թողնենք գնա՞նք»:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գործող «Արեւ-1» հացի գործարանի տնօրեն Ծատուր Մանուկյանն էլ, որը 35 տարի է, ինչ հացի արտադրությամբ է զբաղվում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց գազի որակից: «Գազի հաշվիչները հենց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է տեղադրում: Կալորիականությունն ահավոր ցածր է, ես չգիտեմ, թե ինչպիսի հաշվիչներ են դնում: Մենք չգիտենք, աչքներս փակ է, ինչ ուզում են, պետք է տանք: Հետո սպառնում են` եթե մեկ օր ուշացնում ես, տուգանք ես վճարում, մի քանի օր ուշացնելու դեպքում էլ գալիս անջատում են: Ահավոր վատ վիճակ է ստեղծվել: Ես բարձրաձայնում են այս խնդրի մասով: Կեղեքում են: Աշխատում եմ բանկերի համար, իրենց եմ հարստացնում: Ամբողջ ունեցվածքս գրավադրված է, տունն էլ: Ո՞ւր թողնեմ գնամ, ասե՛ք,-հուսահատված ասաց Ծ. Մանուկյանը` այդուամենայնիվ ընդգծելով, որ այս ամենից հետո էլ «Արեւ-1»-ի հացամթերքը չի թանկանալու,-բոլոր պարագաներում, ես հացը չեմ թանկացրել եւ չեմ էլ թանկացնելու: Եթե թանկացնեմ, ապա գործարանը կփակվի: Թե ինչ կալորիականություն ունեցող գազ ենք օգտագործում, իրավունք չունենք իմանալու: Բայց փաստ է, որ թալանում են: Ես պատկերացնում եմ, թե հեռավոր գյուղերում ինչքան դժվար է: Պետությունը պետք է արտոնություններ տա գործարարներին: Գոնե թույլ տան՝ աշխատենք»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՄՏԱՀՈԳԻՉ ԹՎԵՐ

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ՀՀ-ում նվազել է ամուսնությունների թիվը: Փոխարենն ավելացել են ամուսնալուծությունները:
2013թ. Հայաստանում ամուսնության գրանցման 1000 դեպքին միջին հաշվարկով բաժին է ընկել 205 ամուսնալուծություն: Ընդ որում, ամուսնալուծությունների առավել մեծ թիվ է գրանցվել Լոռու մարզում, որտեղ այս ցուցանիշը կազմում է 354, այսինքն՝ մոտ մեկուկես անգամ ավելի, քան Երեւանում: ՔԿԱԳ Վանաձորի տարածքային կառավարման բաժնի տվյալներով` 2013-ին գրանցվել է 211 ամուսնալուծություն, որը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ աճել է 5-ով: Լոռեցիների կարծիքով՝ մարզում ամուսնալուծությունների բարձր տոկոսը պայմանավորված է տարբեր պատճառներով՝ սկսած աշխատատեղերի բացակայությունից, արտագնա աշխատանքի՝ բոլորիս քաջ ծանոթ հետեւանքներից, ավարտած մարդկային գործոններով եւ խառնվածքների տարբերությամբ: ՔԿԱԳ-ում գրանցվում են այն ամուսնալուծությունները, որոնց դեպքում ամուսնալուծվող երկու կողմերի համաձայնությունն առկա է: Այդ դեպքերում որպես հիմնական պատճառ նշում են միմյանց վատ հասկանալն ու ընդհանուր եզրեր չգտնելը: Սակայն առավել հաճախ Հայաստանում ամուսնալուծությունները տեղի են ունենում դատական կարգով:
Մասնագետների խոսքով` մեզանում բացակայում է հոգեբանին դիմելու մշակույթը, թեեւ անցած 25 տարիների հետ համեմատելու դեպքում տեսանելի է հոգեբանների ծառայություններից օգտվողների աճը: Հոգեբանների կարծիքով` շատ խնդիրներ առաջ են գալիս նրանից, որ երիտասարդների պատկերացումներն ընտանիք կազմելու մասին շատ հեռու են իրական կյանքում եղածից: Բոլոր երկրների համար ընդհանուր է, այսպես կոչված, տնտեսական գործոնը: Հաճախ երիտասարդներն առանց աշխատանքի, բնակության վայրի ամուսնանում են: Հետագայում առաջանում են լուրջ խնդիրներ, որոնք դառնում են վեճերի պատճառ եւ արդյունքում հանգեցնում ամուսնալուծության:
Չնայած այն հանգամանքին, որ հանրապետությունում ամուսնությունների թվի նվազում է նկատվում, մարզկենտրոն Վանաձորում այդ ցուցանիշն ուրախանալու տեղիք է տալիս: Ինչպես փաստում է ՔԿԱԳ Վանաձորի տարածքային կառավարման բաժնի պետ Հասմիկ Այվազյանը, 2012-ի համեմատ այստեղ ամուսնություններն աճել են. 2013-ին գրանցվել է 715 ամուսնություն, մինչդեռ 2012-ին այդ թիվը 674 էր:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

 

 

 

 
ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Սոչիի 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձեւ, որոնց համար կխաղարկվի մեդալների 98 հավաքածու: Հայտավորված են 80 երկրների ավելի քան 5500 մարզիկ-մարզուհիներ: Իսկ միջոցառումը լուսաբանելու համար հավատարմագրված են շուրջ 12 հազար լրագրողներ: Կազմկոմիտեի աշխատանքներին կօժանդակեն 25 հազար կամավորականներ, իսկ մրցումների ընթացքին կհետեւեն շուրջ երեք միլիարդ հեռուստադիտողներ:
Հիշեցնենք, որ առաջին անգամ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկները ներկայացել են 1994թ. Լիլեհամերում, ապա մասնակցել Նագանոյի՝ 1998թ., Սոլթ Լեյք Սիթիի` 2002թ., Թուրինի` 2006թ. եւ Վանկուվերի` 2010թ. մարզահանդեսներին:
ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը ներկայացրել է Սոչիի օլիմպիական խաղերում հանդես եկող հայաստանցի մարզիկների մասնակցության ժամանակացույցը: Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը փետրվարի 9-ին` ժամը 14-16-ը, կմրցի 15+15 կմ մրցավազքում (սկիաթլոն): Փետրվարի 11-ին` նույն ժամերին, Սերգեյը հանդես կգա արագավազքում: Փետրվարի 14-ին 15 կմ դասական ոճում եւ փետրվարի 23-ին՝ ժամը 11-ին, աշոցքցի վարպետը կսկսի 50 կմ ազատ ոճի դահուկավազքը: Այն կտեւի գրեթե երեք ժամ: Նույն օրերին եւ ժամերին ասպարեզ դուրս կգա նաեւ Սերգեյի թիմակից եւ մարզընկեր Արթուր Եղոյանը, որը, սակայն, հայտավորված չէ 50 կմ տարածությունում: Կանանց մրցաշարում Կատյա Գալստյանը կմրցի փետրվարի 13-ին՝ ժամը 14:00-15:40-ին, 10 կմ դասական ոճի դահուկավազքում: Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը փետրվարի 19-ին հանդես կգա հսկա ոլորավայրէջքում, իսկ փետրվարի 22-ին` հատուկ ոլորավայրէջքում:

 

ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ

Վեյկ ան Զեեում ընթացող «Տատա Սթիլ» մրցաշարի 8-րդ տուրից հետո էլ մրցաշարային աղյուսակը 6 միավորով միանձնյա շարունակում է գլխավորել մեր հայրենակից Լեւոն Արոնյանը, որը 8-րդ տուրում սեւերով ոչ-ոքի խաղաց իրեն հետապնդող հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Այդ ոչ-ոքիից օգտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը սպիտակներով առավելության հասավ իսրայելցի Բորիս Գելֆանդի նկատմամբ եւ 5.5 միավորով հայտնվեց երկրորդ տեղում: 5-ական միավոր ունեն Գիրին, կուբացի Լենյեր Դոմինգեսը եւ իտալացի Ֆաբիանո Կարուանան: Երեկ Էյնդհովենում կայացած 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց Կարյակինի հետ եւ հաղթեց: Նա 7 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը:

 

ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՉԵՄՊԻՈՆԸ

Հունվարի 22-ին կայացել է արագ շախմատի Հայաստանի առաջնությունը։ Ոսկե մեդալը նվաճել է գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որը 8 հնարավորից վաստակել է 7 միավոր։ Զավեն Անդրիասյանը 6 միավորով նվաճել է արծաթե մեդալը՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով Ռոբերտ Հովհաննիսյանին:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս