ՄԵԿ ՕՐՈՒՄ` 19 ՀՐԴԵՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզում ապրիլի 6-ին հրդեհները հաջորդում էին մեկը մյուսին: 1 օրվա ընթացքում գրանցվեց 19 դեպք: Սովորության համաձայն` մարդիկ նորից այրում են հողամասերն ու խոտհարքները, սա էլ քիչ է, թողնում են առանց վերահսկողության: Արդյունքում հրդեհն անմիջապես տարածվում է` ընդգրկելով անտառներ, բնակավայրեր, վերացնելով  հանդիպած ամեն ինչ:
Հատկապես այս շաբաթ հրդեհներն աննախադեպ շատ էին: «Վերջին 6 օրը շատ ծանր իրավիճակ է: Ունեցել ենք 33 ահազանգ, որից 7-ը` անտառային հրդեհների, 21-ը` չոր խոտածածկի»,-ասում է ԼՄՓՎ պետի տեղակալ, ՓԾ փոխգնդապետ Արթուր Չատինյանը: Ապրիլի 6-ին մի հրդեհի կանչը չընդունած` Լոռու մարզի փրկարարական վարչության դիսպետչերական կետը պատասխանում էր հերթական կանչին: Մարզի  բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատները հրդեհի վայրերում էին: Վանաձորի Քիմիագործների երկրորդ փողոցի 19 բնակարանին հարակից անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը հերթականն էր: Տունը, ինչպես թաղամասի մյուս տները, սարի փեշին է, հողն էլ մարդիկ նախապատրաստում են վարուցանքի: Սարալանջն այրվել է, թե այրել են` հարց է: Մինչ կրակը մեկուսացվեց, 320 մետր երկարությամբ տանիքն ամբողջությամբ այրվեց:
Ամբողջ մարզում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Հրդեհի մեջ են Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի 250-300 եղեւնիները, Եղեգնուտ համայնքի մերձակաա անտառը, Փամբակ-Ալավերդի ճանապարհահատվածը: Գոգարանում ուժեղ քամին նպաստում է հրդեհի տարածմանը, այդ պատճառով Տաշիրի  ՀՓՋ-ում կրկին տագնապ է հայտարարված: Քիչ չեն դեպքերը նաեւ Վանաձորում` Տարոն 2 թաղամաս, Ջունգլիներ թաղամասի թիվ 17 մանկապարտեզի տարածք եւ այլն: Հրդեհից զերծ չի մնացել քաղաքի կենտրոնում գտնվող Արցախ պուրակը: Չհաշված վերջին օրը` 2012-ի առաջին եռամսյակում եղել է 207 ահազանգ, որից 158-ը տեխնածին, 11-ը տարերային, 38-ը սոցիալ-կենցաղային բնույթի: Մինչ վարչության պետն ամփոփում էր եռամսյակը, դիսպետչերական կետում հրդեհի տվյալները փոփոխվում էին րոպեների տարբերությամբ: Իրավիճակը չի փրկում նաեւ ՀՀ վարչական օրենսգրքում կատարված փոփոխությունը, ըստ որի` այրողները տուգանվելու են նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, պաշտոնատար անձինք` հարյուրապատիկի չափով:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս