Ի. Վոլնիկինը գաղտնի հանդիպումներ է ունենում քառյակի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը վերջերս հաճախակի հանդիպումներ է ունենում Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի հետ:

Մեր տեղեկություններով՝ դեսպանը Քառյակի ներկայացուցիչների հետ երբեմն առանձին-առանձին է հանդիպում, երբեմն էլ ոչ իշխանական ուժերը միասին են այցելում դեսպանին:
Ըստ մեր տեղեկությունների՝ դեսպանը խորհրդարանի ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ երբեմն նաև ճաշկերույթների է մասնակցում` սեղանի շուրջ քննարկելով իրենց անելիքները:

Տեղեկություններ կան, որ այդ հանդիպումները նախաձեռնում է անձամբ դեսպանը` փորձելով հասկանալ, թե ինչպիսի ծրագրեր ունի Քառյակը, և ինչու չէ` հնարավորության դեպքում նաև դրանք ուղղորդել:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ հաճախակի հանդիպումների նպատակը պարզել խորհրդարանական ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներից: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն առաջին անգամ է նման բան լսում. «Ռուսաստանի դեսպանի՞ հետ. անկեղծ ասած առաջին անգամ եմ նման տեղեկություն լսում: Չէ, մենք նման հանդիպումներ չենք ունեցել ու առաջին անգամ է, որ նման բան եմ լսում: Հետաքրքիր տեղեկատվության աղբյուրներ ունեք, քանի որ ես ինքս նման հանդիպումների մասին որևէ տեղեկություն չունեմ»: Պատգամավորն, այնուամենայնիվ, ասաց, թե որպես դեսպան` գուցե Վոլինկինը հետաքրքրվում է Քառյակի գործունեությամբ, բայց հանդիպում, քննարկում իրենք չեն ունեցել. «Բնականաբար մամուլով հետևում է, բայց այլ ձև ես չգիտեմ, հանդիպումներ մեզ հետ չեն եղել»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց ՌԴ դեսպանի հետ հանդիպումների մասին տեղեկությունը. «Որևէ հանդիպում Քառյակի մյուս անդամների հետ եղե՞լ է` ես տեղյակ չեմ, բայց «Ժառանգություն» խմբակցությունը դեսպանի հետ հանդիպում չի ունեցել: Թե միայնակ, թե Քառյակի որևէ ներկայացուցչի հետ հանդիպում տեղի չի ունեցել»:
Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ ինքը հեռախոսով հարցերի չի պատասխանում. «Առավելևս` Քառյակի հետ կապված»,-եզրափակեց պատգամավորը:

Մեզ չհաջողվեց ստանալ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչներից որևէ մեկի մեկնաբանությունը:

Սոնա Գրիգորյան

 




Լրահոս