Երիտասարդ դասախոսները կուտակայինի հարցով դիմել են վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ այս օրերին իրեն են դիմել մի շարք բուհերի երիտասարդ դասախոսներ, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում աշխատանքը պետական ոչ առևտրային կարգավիճակ ունեցող բուհերում դասախոսական աշխատանքի հետ:

«Նրանք մտահոգություն են հայտնում նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից պահման պարտավորության առնչությամբ»,-ընդգծեց վարչապետն ու հավելեց. «Չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, սակայն սոցիալական վճարը կատարելու պարտականությունը փոխկապակցված է, այսինքն` կոնկրետ անձը հարկային տեղեկատվական համակարգում ունի մեկ կարգավիճակ` կամ համակարգին մասնակից է, կամ մասնակից չէ»:

Վարչապետը տեղեկացրեց, որ հանձնարարել է Ֆինանսների նախարարությանը ուսումնասիրել ու ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու առաջարկ, ինչպես նաև փոփոխություններ կատարել հարկային մարմնի տեղեկատվական համակարգում` հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնել նաև այն անձին, ով համատեղությամբ աշխատում է բուհում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը:




Լրահոս